Բնապահպանական կրթության կարևոր հարցերից է ոչնչացման վտանգի տակ հայտնված տեսակների պահպանության արժևորումը:
Կարևոր է գիտակցել նաև, որ այդ կրթությունը կարելի է հիանալի կազմակերպել դպրոցի պատերից դուրս՝ կենդանի բնության մեջ, քանզի բնության գեղեցկության անձնական և անմիջական վերապրումը նպաստում է բնական կենսաբազմազանության պահպանման գիտակցմանը։ Այդ նպատակով էլ Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները «Բնօգտագործում» առարկայի շրջանակում այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց։
Արգելոցի վարչական շենքում գտնվող թանգարանում աշակերտներին ծանոթացրին տարածքի ֆլորայի և ֆաունայի առանձնահատկություններին։ Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո նրանք թանգարանից ուղևորվեցին արգելոցի սահմաններում առանձնացրած այցելությունների կենտրոն, որտեղ հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու, զգալու և գնահատելու արգելոցի բնության գեղեցկությունը, հարստությունը, խորհրդավորությունը և կարևորությունը։
Վստահաբար կարելի է ասել, որ այս այցը կնպաստի բնապահպանական գիտակցության ձևավորմանը և բնապահպանական հարցերի վերաբերյալ մեր սաների առավել ակտիվ դիրքորոշմանը։