Տևական ժամանակ է՝ Ավետիսյան կրթահամալիրը սերտ համագործակցում է ATP-ի հետ: Բազմաբնույթ ծրագրերի շրջանակներում մեր աշակերտները մասնակցել են տարբեր բնապահպանական միջոցառումների:
Իսկ այս անգամ ուսումնասիրության թեման հողն էր, որին 10֊րդ ա դասարանի աշակերտները ծանոթացել էին մարտ ամսին՝ ATP կրթական բաժնի մասնագետ Նվարդ Գևորգյանի հետ հանդիպման ընթացքում: Հաջորդիվ որոշվեց ավելի խորքային հետազոտումներ իրականացնել հողի վերաբերյալ, ինչի համար աշակերտները բնօգտագործման ուսուցչուհու՝ Ք. Գևորգյանի հետ ուղևորվեցին Արագածոտնի մարզի Կարին գյուղ, որտեղ գտնվում է ATP-ի տնկարանների ու ջերմոցների մի մասը: Ուսումնասիրման համար վերցված էր 2 տեսակ հող՝ դպրոցի տարածքից և տնկարանից։
Բազմապիսի փորձերի արդյունքում երեխաները որոշեցին 2 հողերի բաղադրությունը, կպչունությունը և հողի թթվայնությունը։
Մի փոքր ազատ ժամանակ ունենալով՝ նրանք շրջայց կատարեցին տնկարանում և ծանոթացան իրենց համար նոր մի շարք բույսերի։
Թե՛ ուսուցիչների, թե’ աշակերտների համար օրն անցավ արդյունավետ և հետաքրքիր: