Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:
Դենի Դիդրո

Ինչո՞ւ այսօր երեխաները չեն կարդում կամ քիչ են կարդում: Ի՞նչ ենք ուզում սովորեցնել աշակերտներին գիրք ընթերցելով: Ինչպիսի՞ նպատակ ենք դնում մեր և ընթերցողի առջև: Ո՞վ պետք է սովորեցնի ընթերցանություն: Եվ ընդհանրապես, պե՞տք է արդյոք դպրոցն ունենա գրադարան, եթե այն չպետք է ծառայի իր նպատակին: Փորձենք հոդվածում պատասխանել այս հարցերին:

Եկե՛ք մեզ համար  հստակեցնենք, թե որն է ընթերցանության նպատակը։ Գիրք  ընթերցելիս յուրաքանչյուր ոք  ունի տարբեր մղումներ, սակայն բոլորը   մի նպատակ են հետապնդում՝ հիշել ամենակարևորը:  Իհարկե, մենք չենք կարող հիշել ամեն բան կարդացած նյութից, սակայն փորձում ենք մտապահել ամենաէականը։ Կարելի է կարդալ մի շնչով, ուղղակի կարդալու համար, սակայն գոնե պետք է կարողանանք հետևել նկարագրված դեպքերի կամ տրամաբանության ընթացքին: Կարծում եմ, որ մենք պետք է գոնե ինչ-որ բան հիշենք կարդացածից։ Եվ ամենակարևորը՝ պետք է հասկանանք ընթերցածը, այլապես  բացարձակ անիմաստ ժամանակ ենք կորցնելու ընթերցանության վրա:

Վերադառնալով այսօրվա դպրոցին՝ նշեմ, որ մենք հազվադեպ ենք անդրադառնում այս նյութին, շատ քչերն են բացատրում երեխաներին հանձնարարվածը ճիշտ  կարդալու իմաստը՝ սահմանափակվելով մշուշոտ եւ ընդհանրացված «որպեսզի կրթված լինեք» խրատով։ Մենք պահանջում ենք, որ կարողանան հիշել և վերարտադրել ընթերցածը, սակայն չենք բացատրում, թե ինչպես դա արդյունավետ  անել՝պատճառ բերելով երեխայի վատ հիշողությունը։ Այդ իսկ պատճառով արդյունքում հաճախ նկատում ենք, որ քանիցս վերընթերցելով նույն պարբերությունը՝ աշակերտը կա՛մ դարձյալ չի ըմբռնում իմաստը, կա՛մ ձանձրանում  և հոգնում է,  կա՛մ էլ հերթական գլուխն ավարտելով՝ դժվարությամբ է վերհիշում ընթերցած նյութը։

Եթե մենք փորձենք երեխային սովորեցնել ընթերցել հասկանալով, երբեմն անգամ նշումներ անելով, այսինքն՝  նյութը ընկալելով, ապա շատ հարցերում կհաջողենք:  Կարևոր է հասկանալ, որ գիրքը մեր լավ խորհրդատուն և բարեկամն է, մեր երազանքներին թև տվողն է և հավատն ամրապնդողը:

Կարծում եմ՝ մինչ այս կամ այն գիրքն ընթերցելը մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին.

  1. Ո՞րն է այս գիրքն ընթերցելու իմ նպատակը.
  2. Ինչպե՞ս եմ նախատեսում օգտագործել սովորածս կյանքում.
  3. Որքանո՞վ է ինձ համար կարևոր կարդացածս:

Այս բոլոր հարցերը գիրքը նպատակասլաց,  ճիշտ ընթերցելու մասին են։ Մենք պետք է սովորեցնենք մեր աշակերտին հստակ հասկանալ ընթերցանության  նպատակը, այլապես կարդացածը շատ շուտ կմոռացվի: Աննպատակ ընթերցանությունը մեզ շա՜տ կձանձրացնի:

Սակայն մեր առջև նպատակ դնելով  միայն հարցերը չեն սահմանափակվում։ Հնարավոր չէ ամեն բան հիշել, այն էլ՝ առհավետ. մեր ուղեղը դա լավ գիտի։ Ուրեմն պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, այլ պետք է հստակ որոշել, թե որքան ժամանակ ենք մենք ուզում հիշել կարդացածը։ Որոշ վարժվածություն ձեռք բերելուց հետո մենք  հստակ կհիշենք մեր կարդացած նյութն այնքան ժամանակ, որքան որ որոշել ենք։
Դպրոցականները և ընդհանրապես մեծերս սրանով կձերբազատվենք «անհետաքրքիր կամ ձանձալի գիրք» հասկացությունից:

Օրինակ՝ ուսուցիչը կամ գրադարանավարը, եթե տեքստը մեծ է, չի պարունակում հետաքրքրաշարժ, անակնկալ գործողություններ, կամ էլ աշակերտի  նպատակը հաճույք ստանալը չէ, այլ, օրինակ՝ վերլուծելը,  խորհուրդ է տալիս երկու անգամ ընթերցել։ Առաջին անգամ հարկ է արագ և հպանցիկ անցնել տեքստի վրայով, ընկալել դրա գլխավոր գաղափարը և կառուցվածքը։ Դա կօգնի կողմնորոշվելու և մոտավորապես պատկերացնելու, թե որքանով է նյութը համապատասխանում ընթերցողի ակնկալիքներին, ինչպես նաև կարդացածի  կառուցվածքը ընկալելուն։

Երկրորդ ընթերցանության ընթացքում արդեն անդրադառնում ենք տեքստին պարբերություն առ պարբերություն։ Լավ գրված տեքստի ամեն պարբերության սկզբում ներկայացվում է դրա հիմնական թեզը, որին հաջորդում է զարգացումը, որն ավարտվում է եզրակացությամբ: Նույն կառուցվածքն ունի այդ պարբերություններից բաղկացած բաժինը։
Ամեն պարբերության առաջին նախադասությունը կարդալուց հետո կատարե՛ք ներքին հարցադրում՝ ելնելով  ընթերցանության նպատակներից։ Այն կարող է լինել պարզ, օրինակ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ, կամ ավելի բարդ, օրինակ՝ ինչո՞ւ է հեղինակը սրա մասին խոսում, ինչպե՞ս է սա կապված նախորդի հետ, ես սրան  համաձա՞յն եմ, թե՞ ոչ։ Այս հարցադրումներն օգնում են մեզ  լավ ընկալելու, պատկերացնելու, վերապրելու հերոսների հետ, նրանց հետ երկխոսության մեջ մտնելու, շաղկապում են ընթերցածը մեր նախորդ գիտելիքներին և փորձին։

Իմ փոքրի՛կ բարեկամ, ընթերցելով զանազան գրքեր, նյութեր, հոդվածներ՝ փորձենք գտնել մեր հարցի կամ հարցերի պատասխանը։ Ավարտական նախադասությունը կարդալով՝ անգամ եթե հեղինակը ինքը չի եզրափակում միտքը (ինչը հաճախ է պատահում), անպայման քո եզրահանգումը մտովի վերարտադրի՛ր եւ երբեւէ մի՛ խուսափիր քո կարծիքը արտահայտելուց։ Ամեն անգամ՝  նոր գիրք սկսելիս, առաջին՝ ներածական պարբերությունը կարդալուց հետո մեկ ընդհանուր հարցադրո՛ւմ սահմանիր քեզ համար։ Բաժինն ավարտելուց հետո մտովի վերհիշի՛ր բոլոր այն եզրակացությունները, որոնց դու հանգեցիր ընթերցելիս։ Միայն դրանից հետո անցի՛ր  հաջորդ բաժնին։
Վստահ եմ, որ կիրառելով այս պարզագույն միջոցները՝ կարելի է հասնել զարմանալի արդյունքների.

  1. ընթերցելու միջին արագությունդ կտրուկ կաճի. դու զգալիորեն ավելի քիչ կհապաղես և մտավախություն չես ունենա, որ իմաստը կկորցնես։
  2. շատ ավելի լավ կհիշես ընթերցածդ, ինչը կհարստացնի կարդալու փորձառությունդ և կդարձնի քեզ առաջադեմ աշակերտ, հետաքրքիր զրուցակից ու զարգացած մարդ։
  3. դու ձեռք կբերես լավագույն խորհրդատուի, ընկերոջ և բարեկամի, որն իր խորհուրդներով օգտակար կլինի քեզ կյանքիդ ընթացքում:

Սիրելի՛ բարեկամ, անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի հետ  այն նրան ավելի ու ավելի է դուր գալիս:

Հիշենք՝ գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:

Մելանյա Գեղամյան
մ.գ.թ., Ավետիսյան դպրոցի տնօրեն