Արևմտահայ և սփյուռքահայ գրականության և արևմտահայերենի դերը անհնար է թերագնահատել հայ գրականությունն ու հայոց լեզուն ամբողջապես արժևորելիս։
Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում սա ամենևին էլ մերկապարանոց հայտարարություն չէ: Այստեղ խոսքից վաղուց անցել են գործի։ Բարձր դասարանների աշակերտները բեմականացրել են հատվածներ Ա. Արփիարյանի «Կարմիր ժամուց» վիպակից, կազմակերպվել է արևմտահայ քնարերգության ցերեկույթ, կրթահամալիրի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի առաջարկով սիրիահայ ճանաչված գրող, հրապարակախոս և թատերական գործիչ Հակոբ Միքայելյանը, ում ավանդը մեծ է թվարկված միջոցառումներում, դպրոցի պաշտոնական կայքում ու ֆեյսբուքյան էջում պարբերաբար հանդես է գալիս արևմտահայերենով ստեղծագործող հեղինակներին և գրական ժառանգությանը նվիրված հրապարակումներով:
Օրերս կայացած ցերեկույթը նվիրված էր արևմտահայ մեծ երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Բանախոսը դարձյալ պարոն Հ. Միքայելյանն էր: Նա հետաքրքիր և հյութեղ պատումով կրթահամալիրի մանկավարժների առջև բացեց Օտյան երգիծաբանի և Օտյան հայի աշխարհը, ներկայացրեց Ե. Օտյանի դերը հայ գրականության և մասնավորապես երգիծաբանության մեջ, ընթերցեց հատվածներ Օտյանի «Ընկեր Փանջունի» և «Թաղականին կնիկը» ստեղծագործություններից:
Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում նման միջոցառումները մտցվել են եռամսյակային ծրագրերի մեջ: Հույս ունենք առաջիկայում այս գրական ընթերցումներին տալ համայնքային ընդգրկում: