23 ապրիլի 2024 թվականի: Մեկուկես տասնամյակի ավանդույթին հավատարիմ՝ Ավետիսյան դպրոցն ամբողջ համակազմով Ծիծեռնակաբերդ է բարձրանում այսօր: Հենց այսօր՝ առավելագույնս ապահովելու դպրոցից դեպի բարձունք ճանապարհվող տասնյակ ավտոբուսների, հարյուրավոր մանուկների եւ մեծահասակների անվտանգ երթեւեկը:

Կրթահամալիրի անձնակազմին ուղեկցում էր Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցչական խումբը՝ ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, ՀԱԵ Երեւանի հոգեւոր հովիվ վեր. Գեւորգ Գասպարյանը, պատանյաց խմբի պատասխանատու Զոհրաբ Բեկյանը եւ Ավետիսյան դպրոցի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վազգեն Թորոսյանը:

Անմեղ զոհերի ոգեկոչման, հայ ազգի հարատեւության, վերահաս փորձություններին համազգային սիրով դիմագրավելու ուղերձ էր վերապատվելի Գեւորգ Գասպարյանի խոսքը, որն իր ոգով եւ էությամբ ուղղված էր ոչ միայն ավետիսյանցիներին: Այնուհետեւ նրա առաջնորդությամբ առ երկինք բարձրացավ հազարաձայն «Տերունական աղոթքը»: Նախակրթարանի սաներից մինչեւ շրջանավարտներ, ուսուցիչներ եւ ծնողներ ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը:

Վերադարձի ճանապարհին նրանց «ամբողջ դեմքով» ժպտում էր սպիտակափառ Արարատը, որն այսօր ավելի, քան երբեւէ շքեղատես էր ու պայծառ:

Թե՛ գնալիս եւ թե՛ ետդարձին իր պարտականությունը գերազանց կատարեց ճանապարհային ոստիկանության ուղեկցող կազմը: Ավետիսյան դպրոցի այս անվտանգ եւ ապահով այցի համար շնորհակալությո՛ւն նրանց:

Եվ, անշուշտ, ինչպես ամեն տարի, իրենց պարտականությունները հրաշալի կատարեցին մեր դասղեկները, դասվարները եւ ուղեկցող ծնողները:

Իսկ վաղն արդեն ապրիլի 24-ն է՝ հայոց Մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը: