Դասընթացը վարում է մանկաբույժը

Մանկաբույժ Գոռ Հովհաննիսյանի՝ Ավետիսյան դպրոցում վարած դասընթացի նպատակն է ավագ դասարանների աշակերտների, ծնողական խորհրդի եւ ուսուցիչների շրջանում ձեւավորել առողջության նկատմամբ առաջնահերթ վերաբերմունք՝ առողջ ապրելակերպ եւ տարեկան մեկ անգամ ընդհանուր ստուգումներ անցնելու սովորություն։

Ծրագիրը հետապնդում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ արդյունքներ. կարճաժամկետ արդյունքներից են մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների կանոնավոր պրոֆիլակտիկ այցելությունները թերապեւտին եւ մասնակցությունը տարիքային սքրինինգներին, իսկ երկարատեւ արդյունքը կլինի կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդություններից խուսափելը:

Որպես շարունակություն տեսական նյութի՝ սեմինարի մասնակիցներն յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ աշխատում են նաեւ գործնական ուղեցույցներով:

Առաջին իսկ պարապմունքներից հետո ակնհայտ է փոփոխությունը հատկապես ավագ դասարանների աշակերտների մեջ. յուրացնելով սննդի եւ քնի հիգիենային նվիրված դասընթացների նյութը՝ պատանի ավետիսյանցիներն առողջ ապրելակերպի սկզբունքները քննարկում են նաեւ իրենց ընտանիքներում, ինչպես նաեւ ճշտում հիվանդությունների հակվածությունն իրենց ընտանիքում, հետեւում հավասարակշռված սննդակարգի, այդ մասին տպավորությունները կիսում դասընկերների հետ:

Առողջ ապրելակերպին նվիրված դասընթացը շարունակվում է: