Երջանիկ տանտերեր, թանկագին հյուրեր, շենշող պատանիներ ու պարմանուհիներ, ժպիտախառն արցունքներ, սրտի ամենախորերից եկող մաղթանքներ, օդում թևածող հպարտություն, երախտագիտություն, հույզեր, հույսեր և ամենուր՝վարդեր, վարդեր…
Պատվավոր հյուրերի թվում էին դպրոցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանը , ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Հայաստանում Բրազիլիայի Արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրոն, ՀԱՀ վարչական ղեկավարներ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և բանասիրական ֆակուլտետի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, «Հայաստան — Ծառատունկ» ծրագրի ղեկավար ՋինՄարի Բաբելյանը, «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Նազարյանը,
ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության աշխատակից Կարեն Մկրտչանը, «Ձայն համշենական» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:
Օրվա հերոսների սրտագին ելույթից հետո նրանց բարի երթ մաղթեց և ավագ դպրոցի առաջին շրջանավարտների կապակցությամբ դպրոցին և բարերարներին շնորհավորեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա մասնավորապես ասաց. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան 5000 տարվա աշխարհընկալման հիմքը հայտնի եռանկյունին է §անհատն¦ իր իրավունքներով և պատասխանատվությամբ, այդ անհատներից կազմված ընտանիքը և ընտանիքների միությունը ազգի ձևով: Այս հիմքով է մարդկությունը շարունակում իր ճանապարհը: Այս գաղափարախոսության հիմքի վրա է գործում այս կրթօջախը: Ճանապարհ ենք դնում մեր երեխաներին, որոնք կյանք են մտնում բարդ մարտահրավերների պայմաններում և շատ կարևոր է, որ երեխաները տարբերակեն առաջնայինը և երկրորդայինը, հասկանան և ընդունեն պարտություն՝ իրենց մտքում ունենալով հաղթանակը: Այս գաղափարական հիմքի վրա է մեր կրթական համակարգը կառուցված: Կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ իրենց բաժին նավակը նավարկելու է գետակի մեջՙ ի վերջո մեր հայկական նավը տանելով մեծ ծով, որը ի զորու կլինի դիմակայել մեծ ճամփորդության հզոր ալիքներին և մեր ազգային երազը կդարձնի իրականություն»: Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայ ավետարանչական ընկերակցությանը՝ տարիներ շարունակ կրթական համակարգի կողքին լինելու համար: (Մինչև հանդիսության սկիզբը նախարար Լ. Մկրտչյանը ծանոթացավ դպրոցի հարմարավետության պայմաններին):
Շրջանավարտության հանդեսի բանախոսն էր Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի համահիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ով ներկաներին պատմեց Հրանտ Դինքի հայապաշտպան գործի և նրա սպանությունից հետո դրա ընթացքի մասին:
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ներկայացրեց դպրոցի բարերարներին՝ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին: Նա նշեց, որ Էդվարդ Ավետիսյանը ներշնչվել է իր ծնողներից, ովքեր մեծապես կարևորում էին կրթության դերը և նշանակությունը և խորապես գնահատում այն: Հ. Ներսեսսյանը շեշտեց, որ կրթությունը լավագույն նվերն է երեխային և այս դպրոցի կառուցումը Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական տարածքի երեխաների համար դրա վառ վկայությունն է:
Էդվարդ Ավետիսյանը անթաքույց ուրախությամբ պատմեց մայր հայրենիքում դպրոց հիմնելու մտահղացման և այսօր դրա քաղցր պտուղները քաղելու իր զգացողության մասին:
Երջանկության զգացումներով ողողուն ողջերթի մայրական խոսք ասաց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:
Շրջանավարտների պատվոգրերը հանձնեցին տեր և տիկին Ավետիսյանները, Հարութ Ներսեսսյանը, Մելանյա Գեղամյանը, Ռաքել Դինքը:
Ավանդական լուսանկար, հոտնկայս հյուրասիրություն, երազանքների փուչիկների արձակում դպրոցի բակում, ուրախություն ամենուր՝ դրսում, ճեմասրահում, միջանցքներում:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում առաջին շրջանավարտներին նվիրված հանդիսությունն արժևորվեց ևս մի հիշարժան իրադարձությամբ. տեղի ունեցավ Հրանտ Դինքի անունը կրող ստեղծագործական աշխատասենյակի հանդիսավոր բացումը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց տիկին Ռաքել Դինքին:
Միջոցառումից հետ, բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները կրթօջախի բակում հյուրերի և շրջանավարտների ներկայությամբ տնկեցին արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիկյանների անվան նախակրթարանի մասնաշենքի բարերար Չառլզ Պիլեզիկյանի:
Թվում էր՝ թե հրաժեշտի հանդիսությունն ավարտված է, սակայն Ավետիսյան դպրոցի հոյակերտ շենքը չէր ուզում դատարկվել, մեծ ու փոքր միախառնվել էին, իրար ասելու, փոխանցելու այնքա՜ն բան կար դեռ: Չէ՞ որ, ինչպես ճիշտ նկատեց շրջանավարտներից Սիրունյան Տիգրանուհին, ամեն մի վերջ սկիզբ է մի նորի համար:
Կապույտ երկի՜նք ձեզ, մեր առաջի՛ն ծիծեռնակներ: