Հաղթանակը կռում են ամուր թիկունքով, իսկ հայոց բանակի թիկունքն այսօր ամուր է առավել, քան երբևէ: Սա է մեր հավատամքն ու կարգախոսը մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերին, և Ավետիսյան կրթահամալիրը, համայն հայության հետ միասիրտ ու միակամ, անում է հնարավոր ամեն ինչ՝ հանուն Արցախի, հանուն հաղթանակի:

Առանց ուսումնական գործընթացը դույզն-ինչ խաթարելու, առանց իրարանցման, կազմակերպված և անաղմուկ, մի միասնական ընտանիքի պես գործի լծվեցին բոլորը՝ դպրոցի աշխատակազմը, աշակերտությունը և ծնողական հանրությունը: Բարձր դասարանների աղջիկները արագորեն պատրաստեցին վիրակապեր, նրանց դասընկերները մեծերի հետ տեսակավորեցին օգնության համար դպրոց հասցված առաջին անհրաժեշտության հագուստեղենն ու մթերքը, տղաները բարձեցին բեռնատարները՝ այդ ամենը ԱՀԱԸ հայաստանյան գրասենյակ, իսկ այնտեղից էլ՝ համակարգող կենտրոն անհապաղ հասցնելու համար:

Նյութական օժանդակությունից զատ՝ Ավետիսյան կրթահամալիրը հանուն Արցախի հանգանակեց 1 մլն 405 հազար ՀՀ դրամ: