2021 թ. մարտի 3-ին Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ԱՃԵՄՅԱՆ գրադարանում կայացավ Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ, Հալեպի Հայ Ավետարանական ԲԵԹԵԼ եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Հարություն Սելիմյանի «Դավանական նոր իրավիճակը և ըմբռնումները 19-րդ դարի 40-50-ական թթ. ավետարանական մամուլի մեջ (Կ.Պոլիս, Զմյուռնիա)» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյան:
Պաշտոնական ընդդիմախոսներն էին պ.գ.դ. Էդիկ Մինասյանը, պ.գ.թ., դոցենտ Ավետիս Հարությունյանը:
Նախագահում էին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի մասնագիտական խորհրդի նախագահ պ.գ.դ., պրոֆեսոր Անուշավան եպս. Ժամկոչյանը, խորհրդի գիտական քարտուղար պ.գ.թ., դոցենտ Արշակ Բալյանը:
Բացման խոսքից առաջ Անուշավան եպս. Ժամկոչյանն առաջարկեց արարողությունն սկսել «Հայր մեր» Տերունական աղոթքով, ապա վեր. Հ. Սելիմյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո խոսքը փոխանցեց վեր. Հ.Սելիմյանին, որպեսզի նա ներկայացնի իր ատենախոսությունը:
Վեր. Հ. Սելիմյանի ելույթից հետո մասնագիտական խորհրդի անդամներից մի քանիսը իրենց ցանկություններն ու առաջարկները ներկայացրին ատենախոսին:
Ընդդիմախոսները՝ Էդիկ Մինասյանն ու Ավետիս Հարությունյանը, հանգամանորեն անդրադարձան ատենախոսության գիտական արժանիքներին, կարևորեցին այն՝ որպես գիտական նորություն, մասնավորապես ընդգծելով աշխատանքի դավանաբանական, կիրառական ու գործնական նշանակությունը Աստվածաբանություն ուսումնասիրողների համար: Նշվեցին նաև այն մասնակի թերությունները, որոնք տեղ էին գտել ատենախոսության մեջ, և միջնորդեցին գիտական հանձնաժողովի առաջ՝ վերապատվելի Հ. Սելիմյանին շնորհելու պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հանձնաժողովը, բարձր գնահատելով վեր. Հ. Սելիմյանի ատենախոսության գիտական արժանիքներն ու կարևորությունը դավանական նոր իրավիճակի և ըմբռնման տեսանկյունից, նրան շնորհեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ավարտին վեր. Հարություն Սելիմյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր օգնել էին ատենախոսության պատրաստման ընթացքում:
Ատենախոսության պաշտպանությանը ներկա էին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը, Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների աշխատակիցներ, ծառայողներ, հյուրեր այլ կազմակերպություններից և բուհերից:
Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին շնորհավորում են վեր. Հարություն Սելիմյանին պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու առթիվ և մաղթում հաջողություններ գիտական, համայնքային և եկեղեցական ոլորտներում: