«Համբարձում յայլա, յայլա ջան, յայլա
Լավ օրեր յայլա, յայլա ջան, յայլա…»
Դասամիջոցի եւ դասի սովորական զանգի փոխարեն Ավետիսյան դպրոցի կամարների տակ հնչում են հոգեպարար մեղեդիներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Եվ այսպես՝ ամբողջ փետրվարի ընթացքում: Մեծ բանաստեղծի գրչի ոգեշնչմամբ ծնված երաժշտությունից բացի դասամիջոցներին հնչում է նաեւ թումանյանական ասմունք՝ հայ բեմի վարպետների կատարմամբ:
Ավետիսյան դպրոցում ծնված այս գեղեցիկ ավանդույթն իր մեջ միավորում է միանգամից երկու սիրված տոն՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ միաժամանակ գիրք նվիրելու օրվա խորհուրդները:
Գիրք նվիրելու օրը Ավետիսյան դպրոցի գրադարանը հարստացավ շուրջ 100 դասական, ժամանակակից, մանկապատանեկան արժեքավոր գրքերով, բազմաթիվ դպրոցականներ եւ ուսուցիչներ նաեւ իրար նվիրեցին գրքեր: Դրանց թվում, իհարկե, նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների առանձին հրատարակություններ եւ ժողովածուներ:
Հավերժական թվացող «Շունն ու կատվի» նոր եւ հետաքրքրաշարժ մեկնաբանությամբ գիրք նվիրելու արարողությունը զարդարեցին IV «բ» դասարանի պատանի դերասանները (դասղեկ եւ «Մայրենիի» ուսուցիչ՝ Վ. Ասատրյան): IV «ա»-ն (դասղեկ եւ «Մայրենիի» ուսուցիչ՝ Ն. Սահակյան) բազմաբնույթ աշխատանքներով ներկայացրին սիրելի հեքիաթագրին եւ բանաստեղծին:
Հայկական ժողովրդական հեքիաթների թումանյանական մշակումներով հանդես եկավ դպրոցի թատերախումբը (ղեկավար՝ Հ. Միքայելյան):
Նորից «հնչում է զանգը», այս անգամ՝ քառյակով.
Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ…
Գիրքն ու բանաստեղծը միշտ մեզ հետ են…