Էկոլոգիապես մաքուր եւ, որ պակաս կարեւոր չէ, սեփակա՛ն

Ձմռան շունչը Երեւանից դեռ իսպառ չէր վերացել, երբ Ավետիսյան դպրոցի պատանի բնասերները դպրոցական ջերմոց-տնկարանում կատարեցին ելակի առաջին տնկարկումը: Ութերորդդասարանցիներն անխոնջ աշխատեցին իրենց ղեկավարի՝ քիմիայի ուսուցչուհի Ծովիկ Մանուկյանի ղեկավարությամբ, եւ հոգատար խնամքի, ժամանակին կատարված քաղհանի, փխրեցման աշխատանքների, կանոնավոր ջրելու արդյունքը չուշացավ. բառացիորեն երեկ նրանք դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանին հյուրասիրեցին իրենց ստացած առաջին բերքով: Հյութալի, բուրումնավետ, հավասարապես կարմիր պտուղներով ափսեից օգտվեցին բոլորը: Բերկրանքն աննկարագրելի էր. ելակի բերք՝ սեփական ձեռքերով աճեցրած եւ, որ գլխավորն է, էկոլոգիապես մաքուր:

Քաղցրահամ պտուղների ճաշակումն ընթացավ «խիստ գործնական» զրույցով ջերմոցում աճող մյուս բույսերի՝ պոմիդորի, վարունգի, սմբուկի, բակլայի, լոբու եւ բիբարի մասին:

Աշունը բերքառատ է լինելու: