Պատերազմը չունի ժամանակ, տարեթիվ, երկիր: Պատերազմը երբեք չի ավարտվում եւ այնքան համընդգրկուն է, որ երկրիդ վտանգված սահմանից հասնում է քո բակ ու տուն, թափանցում հոգուդ խորախոր ծալքերը, հիմնահատակ վերափոխում քեզ ու հարեւանիդ, զինակցիդ ու… թշնամուդ:
Սեր եւ պատերազմ: Պատերա՞զմ, թե՞ սեր: Ինչպե՞ս համատեղել: Եվ ինչպե՞ս ապրել պատերազմից հետո…
Այս խոհերը հանգիստ չէին տալիս մեր «վերնատնականներին» ժամանակակից արձակագիր, հայաստանյան եւ միջազգային մրցանակների դափնեկիր Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպն ընթերցելուց հետո: Եվ «Գրական վերնատան» ղեկավար, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լիլիթ Բախշյանը գրական «առերեսման» հրավիրեց երիտասարդ հեղինակին, ում էլ ուղղվեցին այս եւ բազմաթիվ այլ հարցեր: Երիտասարդ գրողը մեծ սիրով պատասխանեց իր ընթերցողներին, իր հերթին նրանց ուղղեց նոր հարցեր:
«Վերնատան» հավաքը վերածվեց կյանքին, պատերազմին, սիրուն ու խաղաղությանը նվիրված մի ջերմ ասուլիսի, որտեղ միախառնվեցին կյանքի փորձն ու պատանեկան տաքարյունությունը, հոգեբանական մոտեցումն ու քաղաքացիական կեցվածքը:
Հրաժեշտից առաջ պարզվեց, որ հեղինակի հետ համակարծիք էին բոլորն էլ. ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, պետք է ապրել: Ապրել սիրելու, ներելու, հզորանալու համար, ապրել` դրսում, ներսում եւ ամենուր պատերազմին հաղթելու համար: