Ավետիսյանցիների հյուրն էր անվանի գրականագետը

Այո՛, իրավամբ գրականության համադպրոցական դաս կարելի էր անվանել Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիների հանդիպումը անվանի գրականագետ, բանասիրության դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ: Սիրով արձագանքելով մեր դպրոց այցելելու առաջարկին՝ պրոֆեսորն իր հետ բերել էր գրական գաղտնիքների, առեղծվածների, պատասխանների և ճանապարհների մի ամբողջ զինանոց, ինչին սիրով հաղորդակից դարձրեց 9-12-րդ դասարանների աշակերտներին:

Ինչպես և սպասվում էր, Դ. Գասպարյանի ելույթը որքան հետաքրքեց, այնքան էլ հարցեր առաջացրեց: Եվ իրար հաջորդեցին աշակերտներին հուզող ամենատարբեր, սակայն նաև ներդաշնորեն փոխշաղկապված հարցերը՝ դպրոցական դասագրքերից, հայ և համաշխարհային գրականության թեմաներից մինչև մեր գրական հսկաների  գերեզմանների որոնումները: Հյուրը բացեց իր «Փակ դռների գաղտնիքը» գրքի գաղտնիքներից մի քանիսը, իր վերջին հրատարակություններից մեկը նվիրեց Ավետիսյան դպրոցի գրադարանին:

Թոթովենցից, Չարենցից ու Բակունցից մինչև Բրեդբերի և Մարկես, անցած դարերի գրականությունից մինչև հայոց լեզվի, գրականության և պատմության հետ կապված ներկայիս խառն ու տխուր իրավիճակը, գրաբարից մինչ արևմտահայերենին սատարելու հրամայականը… Հանդիպման ավարտից հետո էլ դահլիճից դռան մոտ խմբված աշակերտներն ուզում էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:  Իր հերթին կրթօջախի տնօրեն տիկին Մ. Գեղամյանը Դավիթ Գասպարյանին նվիրեց Ավետիսյան դպրոցի մասին պատմող գիրք:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում անվանի գիտնականին՝ մեր սաների մեկուկես ժամը լիարժեք ու բացառիկ տեղեկատվությամբ հարստացնելու, հայ գրականության հսկաների օրինակով նրանց սրտերում հայրենասիրության կրակը բորբոքելու համար: Եվ հուսով ենք, որ սա մեր հանդիպումների դեռ միայն «առաջին հատորն» էր…