Ողջո՛ւյն, սիրելի՛ ընթերցող:
Այսօր խոսելու եմ գրքերի ծանրակշիռ արժեքի մասին:
Գրքերը հարստացրել, արդիականացրել և փրկել են իմ կյանքը:
… Երբ ամեն ինչ լավ էր, գրքերը ամրապնդեցին իմ ստեղծագործելու ունակությունը, ստեղծագործելու կարողությունն ու ուրախությունը:
… Դժվար պահերիս նրանք հույս տվեցին, առաջնորդեցին ինձ իմ ճանապարհին և առաջարկեցին գրական փարոս, որն ինձ օգնեց նավարկել դեպի ափ:
Վստահ եմ, որ ձեզ նույնպես կօգնի շատ գրքեր կարդալը:
Այսպիսով, ներկայացնեմ, թե ինչից սկսեցի և ինչպես շարունակեցի իմ քայլերը:
Քայլ 1. Շարունակական ուսումը մեծ մարտադաշտ է
Կրթական ոլորտը, որը ղեկավարում եմ, զարգացնելու համար միակ լավագույն միջոցը հմտությունների անխնա ավելացումն է: Իսկապես ցանկանում եմ այնքան հմուտ լինել գործի մեջ, որ աշխարհում ոչ ոք չկարողանա անել այն, ինչ ես կարող եմ անել: Խոսքը բնավ շնորհալի լինելու մասին չէ, այլ համապատասխան գրքեր կարդալու. գրքեր, որոնց շնորհիվ կարող ենք դառնալ մեր արհեստի իսկական վարպետ:
Ցանկանում եմ ընդգծել. եթե դուք շահագրգռված եք մեր այս անկայուն ժամանակը ճիշտ բաշխելու հարցում, ապա օգտագործե՛ք այն ձեր երազանքն արտահայտելու և ձեր իղձերն իրականացնելու համար, ուշադիր և մանրամասն կարդացեք հնարավորինս շատ գրքեր:
Քայլ 2. Գնեք ավելի շա՛տ գրքեր, քան կարող եք երբևէ կարդալ
Գրքի մեջ ներդրում կատարելը հար և նման է խոստման: Ես ավելի շատ գիրք եմ գնում, քան գիտեմ, որ կկարդամ իմ կյանքի ընթացքում: Ինձ ուրախացնում է գիրք ձեռք բերելը: Դա հույս է տալիս ինձ: Ակտիվացնում է իմ էներգիան: Եվ ինձ թույլ է տալիս ստեղծել գրադարան, որը ժառանգություն կլինի իմ երեխաների, թոռների եւ ծոռների համար:
Քայլ 3. Մտովի թռե՛ք հեռու և կյանքին մարտահրավե՛ր նետեք
Այնպես է պատահում, որ գիրք գնելիս նախընտրում եմ գրքեր անվանի մարդկանց մասին, արվեստի, պատմության, հոգեբանության, էմոցիոնալ ապաքինման, դրական ոգու, բարձրարժեք թիրախների նվաճման մասին: Գնում եմ լայն տեսականի և կարդում գործեր, որոնք ինձ դրդում են այլ կերպ մտածել: Այսպիսով, դուք էլ ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ գրքերի հրաշք աշխարհին, եթե փորձեք հարստացնել ձեր գիտելիքները եւ շփվել կյանքի ու արվեստի մեծերի հետ:
Քայլ 4. Գիրք ընտրելիս կարդացե՛ք բովանդակության աղյուսակը
Այն ձեզ շատ կօգնի ընտրության հարցում:
Քայլ 5. Գիրք ընթերցելիս պարբերաբար նշումնե՛ր կատարեք
Գուցե ձեզ տարօրինակ թվա, սակայն ես դանդաղ ու կանխամտածված եմ կարդում: Եվ այն ամենը, որ կարևորում եմ, ես ընդգծում եմ կարմիր մարկերով (այո՛, դուք կարող եք ընդգծել և այո, կարող եք օգտագործել աուդիոգրքերը, որոնք ինձ էլ այնքան լավ են ծառայել տասնամյակներ շարունակ): Ես նաև նշումներ եմ անում լուսանցքում, իսկ վերջին այն մի քանի էջում, որոնք հրատարակիչները թողնում են դատարկ, գծագրեր և բազմապիսի նշումներ եմ անում:
Ապրե՛ք և վայելե՛ք ձեր կյանքը գրքի միջոցով: Թող դա փոխի ձեզ և ձեր կյանքը:
Քայլ 6. Դոգմատիկ մի եղե՛ք
Մի քանի օր ես տրամադրում եմ մասնագիտական գրքերին, ապա այն փոխարինում մեկ ուրիշով՝ գեղարվեստական գրականությամբ (արձակ կամ պոեզիա): Ընթերցանության հարցում ես դոգմատիկ չեմ, ընդհակառակը, թույլ եմ տալիս, որ «մուսան» ինձ առաջնորդի դեպի այն, ինչ պետք է սովորեմ (ավելի ճիշտ՝ վայելեմ):
Քայլ 7. Կատարե՛ք ձեր գրառումները
Գիրքն ավարտելուն պես գրի եմ առնում լավագույն պատկերացումներս և մտքերս:
Հավատացե՛ք, մեր գրառածը ամրապնդվում է եւ հիշվում:
Քայլ 8. Դասերը վերծանե՛ք
Վերջապես, վերցնում եմ գրառումներս և դրանք դարձնում խաղային աղյուսակներ և երազանքի թերթեր: Ես «մամլում» եմ տեղեկատվությունը և այն ներմուծում հստակ ծրագրերի և իրականացման քայլերի մեջ: Այնուհետև սկսում եմ աշխատել դրանց վրա:
Իսկ դուք, կցանկանայի՞ք, որ գրքի եւ նրա հերոսների հետ ապրեիք ձեր կյանքի լավագույն տարիները:
Խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, որպեսզի շահեկան դարձնեք ձեր օրերը (էապես ավելացնելով ձեր գիտելիքները, էներգիան և օգտակարությունը թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքի վայրում եւ թե՛ ձեր շրջապատում):
Դա, իրոք, աներևակայելի արժեքավոր և կյանք փոխող միջոց է, որը թույլ կտա ազատվել աշխարհի առօրյա ծանր հոգսերից եւ կուղղորդի ձեզ հրաշքների մոլորակ, որտեղից դուք կստանաք ձեր ամենօրյա «ինչու»-ների պատասխանները:
Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.