Ներդաշն համագործակցություն

Ավետիսյան դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանը վաղուց ձեռք է բերել ծնողների վստահությունը, դարձել նրանց բարեկամն ու խորհրդատուն: Նա դրան հասել է իր նպատակասլաց գործունեության, հրատապ հանդիպումների եւ ծրագրված սեմինարների շնորհիվ: Աշխատանք, որը երբեւէ չի ընդմիջվում եւ չի ընդհատվում: Սեմինարների շարքը, որը մեկնարկել էր դեռ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, դրա եւս մեկ ապացույցն էր:

Երեխաների հոգեբանական առանձնահատկությունները տարբեր են՝ ըստ տարիքի: Առաջին հանդիպումը հոգեբանը նվիրեց նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հանդիպող խնդիրներին՝ կապված մանկական վախերի, տագնապի, ագրեսիվ վարքի հետ, նաեւ ծնողներին խորհուրդներ եւ հորդորներ ուղղեց՝ երեխաների բնականոն զարգացումն ապահովելու վերաբերյալ։

Հաջորդ սեմինարն անցկացվեց նոյեմբերին: Այս անգամ քննարկվեցին կրտսեր դպրոցական տարիքի առանձնահատկությունները, ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների հիմքերը, 7 տարեկանների հոգեբանական հնարավոր ճգնաժամի մանրամասները: Խոսվեց այս տարիքայինխմբում հեռախոսների բացասական ազդեցության մասին:

Երկրորդ կիսամյակում հոգեբանի առաջին խորհրդատվության լսարանը դեռահասության տարիքի դպրոցականների ծնողներն էին: Ա. Խաչատուրյանը խոսեց հոգեբանության մեջ ամենամեծ ճգնաժամային տարիքը համարվող այս փուլի առանձնահատկությունների, դեռահասների կյանքում սոցիալական ցանցերի եւ միջավայրի դրական կամ բացասական ազդեցության, նաեւ ուսման մոտիվացիայի նվազման պատճառների մասին:

Օրերս կայացավ վերջին՝ չորրորդ սեմինարը՝ ավագ դպրոցի ծնողների հետ: Քննարկվեցին պատանեկության տարիքի հիմնախնդիրները, մասնագիտական կողմնորոշման լուրջ հարցը եւ, իհարկե, սոցիալական ցանցերի ազդեցությունը պատանիների կյանքում։

Բոլոր հանդիպումների ընթացքում կարեւորվեց հուզական ինտելեկտի բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց։

Եվ ամեն անգամ ծնողները հոգեբանին էին ուղղում իրենց հուզող հարցերը, որոնք դառնում էին անկեղծ քննարկման նյութ:

Դպրոց — ծնող ներդաշն համագործակցությունը Ավետիսյան դպրոցում շարունակվում է անընդմեջ: