Յուրաքանչյուր հայր կամ մայր, յուրաքանչյուր ուսուցիչ անկեղծորեն ցանկանում է, որ մեր երեխաները դառնան բազմակողմանիորեն զարգացած, ֆիզիկապես առողջ, կարգապահ, բարոյապես կայուն մարդիկ՝ անսահմանորեն նվիրված մեր հայրենիքին: Այդուհանդերձ, սակայն, այսօր ծնողների մեծամասնությունը չի պատկերացնում երեխաների դաստիարակության վերջնական նպատակները:
Երեխային առաջին անգամ դպրոց ուղարկող ամեն մի ծնող ի սրտե ցանկանում է, որ նա սովորի եւ իրեն դրսեւորի միայն լավ եւ գերազանց: Բայց, ինչպես հայտնի է, դպրոցում ոչ բոլոր երեխաներն են լավ սովորում, ոչ բոլոր աշակերտներն են բարեխղճորեն վերաբերվում դպրոցական պարտականություններին և եւ ոչ բոլորն են դրսևորում գերազանց վարք:
Լինում է եւ այնպես, որ երեխան, որն առաջին օրերին խանդավառությամբ դպրոց է գնում եւ մեծ եռանդով սովորում, որոշ ժամանակ անց դպրոցական պարապմունքներից սառչում է, սկսում է ծուլանալ, ուսումնական պարտականություններին վատ վերաբերվել եւ դպրոցում իրեն լավ չպահել:
Ո՞վ է մեղավորն այս բանում, որ երեխայի մեջ կորչում է գերազանց սովորելու այն ջերմ ցանկությունը, որով նա առաջին անգամ դպրոց մտավ:
Կարծում եմ, որ դրանում մեղավոր են երեխային դաստիարակողներն ու կրթողները (եթե ենթադրենք, որ երեխան չունի առողջական որեւէ խնդիր):
Առաջին դասարանցու չառաջադիմելու, ծուլանալու պատճառը մեծ մասամբ թաքնված է դպրոց ընդունվելուն նրան անբավարար նախապատրաստելու մեջ, ինչպես նաեւ ծնողների կողմից երեխայի ուսումնական աշխատանքի նկատմամբ մշտական ուշադրության եւ հետաքրքրության բացակայության մեջ, աշխատանք, որը դպրոցական դառնալու առաջին իսկ վայրկյանից սկսում է կարեւոր տեղ գրավել երեխայի կյանքում:
Կարծում եմ՝ այսօր առավել, քան երբեւէ ծնողները պետք է գիտակցեն, որ երեխայի ճիշտ դաստիարակության գործը իրենց սրբազան պարտքն է, եւ նրա ապագան զգալի չափով կախված է այն հանգամանքից, թե իրենց երեխան ինչպես կդրսեւորի իրեն սովորելու առաջին տարիներին: Շատ հաճախ լսում ենք հետեւյալ արդարացումները. «…դպրոցը պետք է աներ, դպրոցը պետք է սովորեցներ»: Դա ասվում է՝ առանց խորը մտածելու, որ դպրոցը կարող է սովորեցնել զանազան առարկաներ, լեզուներ, արվեստ, արհեստ, սակայն ոչ՝ «շնորհակալություն» կամ «կարելի՞ է», «կներեք» կամ «կարո՞ղ եմ վերցնել» եւ այլն:
Հետեւաբար, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, երեխային դպրոցական կյանքին նախապատրաստելը պետք է սկսել նրան դպրոց տանելուց շատ ավելի վաղ, եւ այդ աշխատանքն անհրաժեշտ է կատարել հետեւողականորեն, պարբերաբար և անընդհատ՝ ցուցաբերելով մեծ համբերություն եւ հաստատակամություն: Երեխաներին դպրոցին նախապատրաստելու համար շատ կարեւոր է նրա մեջ չկոտրել վստահությունը հաջող ուսումնական աշխատանքի հանդեպ, նաեւ ճիշտ ու բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանը՝ սխալվելու իրավունքը:
Երեխայի վրա բղավելը, մեղմ ասած՝ բարձրաձայն դիտողություն անելը, մանավանդ ընտանիքի այլ անդամների կամ ընկերների մոտ շատերիս սոսկ մանրուք է թվում, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ այն ունի ճիշտ հակառակ ազդեցություն՝ ձեւավորվող անձի ոգին կոտրելու, նրան դպրոցի եւ, ընդհանրապես, ուսման հանդեպ անվստահությամբ եւ տհաճությամբ համակելու առումով:
Մենք պետք է լավ հասկանանք, որ դաստիարակության գործում մանրուքներ չկան, որ թվացող ամեն մի մանրուք մանկավարժական նշանակություն ունի: Մենք պետք է հասկանանք նաև, որ մանկական կյանքի «մանրուքները» անդառնալի հետք են թողնում երեխայի ողջ բարոյական կերպարի վրա եւ հաճախ վճռական ազդեցություն ունենում նրա բնավորության ձեւավորման վրա:
Երեխայի նկատմամբ ճիշտ մոտեցումը և նրա խելամիտ դաստիարակությունը հաջող ուսուցման հիմքն են: Անձի մեջ հետաքրքրություն արթնացնել դեպի դպրոցը, ուսումը, մշակել համառ ու հաստատակամ աշխատելու կայուն սովորություններ, մշտական հետաքրքրություն դաստիարակել պարապմունքների նկատմամբ. ահա՛ դպրոցի, մանկավարժի եւ ծնողի լուրջ խնդիրներից մեկը:
Պարապմունքների նկատմամբ դպրոցականի մշտական հետաքրքրության ստեղծման գործում մեծ դեր է խաղում ուսումնական աշխատանքում ձեռք բերված հաջողության զգացումը, որը կարծես թե միտումով անտեսվում է դպրոցներում:
Միշտ հիշենք. եթե աշակերտի սովորելը հաջող է ընթանում, ապա նա հաճույքով և հետաքրքրությամբ է պարապում, եւ ընդհակառակը, անհաջողությունն ու ձախողումը առաջացնում են չսովորելու, դպրոց չգնալու ցանկություն, վախ բացասական գնահատականից, դժվարություններից եւ ուսուցիչներից, էլ չեմ խոսում վիրավորանքի, հասակակիցների առջև ամոթահար լինելու մասին:
Մենք՝ մանկավարժներս, սեփական փորձով գիտենք, թե ինչ մեծ խթան կարող է դառնալ հաջողությունն աշխատանքում, ինչպես է այն մեզ թեւավորում, ինչպես ենք մենք ցանկանում ավելի ու ավելի շատ աշխատել, երբ աշխատանքը լավ է ստացվում: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ խոշոր նշանակություն կունենա այն լուրջ մտավոր աշխատանքի առաջին քայլերն անող առաջինդասարանցու եւ, ընդհանրապես, տարրականից դեպի հիմնական եւ հիմնականից ավագ դպրոց անցում կատարող աշակերտի համար:
Դպրոցական կանոնների հաջող յուրացումը, տնային հանձնարարությունների, ուսուցչի պահանջների եւ ցուցմունքների կատարումը, որպես կանոն, աշխուժացնում են երեխային, վստահություն ներշնչում իր ուժերի նկատմամբ, նրա մեջ պատվաստում սեր դեպի ուսումնական պրոցեսը:
Երեխայի վստահությունն իր ուժերի նկատմամբ, հավատը, որ ինքը կարող է լավ սովորել, կարեւոր պայմաններ են նրա հաջող ուսման համար: Սակայն առանց ծնողների օգնության, առանց ընտանիքի եւ դպրոցի համաձայնեցված ընդհանուր աշխատանքի անգամ ամենալավ դպրոցում եւ ամենափորձված ուսուցչի համար դժվար է դաստիարակության եւ կրթության գծով արդյունավետ աշխատանք տանել:
Այսօր մենք պարտավոր ենք մտահոգվել այն մասին, որ երեխաների հետ խոսելիս, նրանց դիմելիս հաճախակի գործածվեն «բարի եղեք», «շնորհակալություն», «խնդրեմ», «ներողություն» եւ այլ քաղաքավարական բառեր: Դրանցից յուրաքանչյուրը յուրատեսակ բանալի է մեր վաղվա օրը բարեփոխելու ճանապարհին:
Ասելիքս ուզում եմ ամփոփել մի փոքրիկ, բայց խորիմաստ մեջբերումով Վարդգես Պետրոսյանից. «Ամենակարեւոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից…Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ…
…Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ, ինչպես ասում են:
… Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարեւոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում…»:
Ուրեմն, սիրելի՛ մանկավարժներ, ծնողնե՛ր, եկեք հասկանանք մեզ վստահված այս ամենակարեւոր էակների հուզական աշխարհը եւ հետեւենք հմուտ այգեպանի վարքագծին, որն ընդամենը հոգ է տանում իր բույսի մասին, իսկ մնացածը բույսն ինքն է անում:
Մելանյա Գեղամյան
մ.գ.թ., Ավետիսյան դպրոցի տնօրեն