AMAA-ն խոր վշտով հայտնում է, որ չորեքշաբթի, 2022 թ. դեկտեմբերի 7-ին վախճանվել է AMAA-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի հիմնադիր, երկար տարիների հովանավոր ու գլխավոր բարերար Էդվարդ Ավետիսյանը:

«Պրն. Էդ. Ավետիսյանը խոնարհ մարդ էր, չափազանց բարի եւ Հայաստանի ու հայկական ժառանգության հանդեպ տածում էր անսահման սեր: Նրա ժառանգությունը հավերժ կապրի բոլորիս եւ հատկապես Երեւանի Ավետիսյան դպրոցի աշակերտների մի քանի սերունդների սրտերում։ Սա իսկապես մեծ կորուստ է հայ ազգի համար, սակայն հուսով ենք, որ նրա կյանքը օրինակ կդառնա շատ շատերի համար», — անդրադառնալով այս կորստին՝ նշել է AMAA-ի տնօրենների խորհրդի նախագահ դոկտ Նազարեթ Դարակչյանը:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ Էդվարդ Ավետիսյանը ծնվել է 1937 թ. Ռոդ Այլենդի Փոթաքեթ քաղաքում: Մեծացել է ներգաղթյալների թաղամասում, որտեղ հաճախել է հանրակրթական դպրոց եւ եղել իր ավարտական դասարանի ավագ: Կրթությունը շարունակել է Բոստոնի համալսարանում՝ ստանալով կրթաթոշակ եւ ավարտել համալսարանը երաժշտության բակալավրի, իսկ այնուհետեւ մագիստրոսի որակավորմամբ:

Պրն. Ավետիսյանի մասնագիտական կարիերան ընդգրկում էր տարբեր ոլորտներ՝ կատարող երաժիշտ, համալսարանի պրոֆեսոր, արվեստի կառավարիչ, ներդրող եւ բարերար: Պրն Ավետիսյանը 35 տարի եղել է Բոստոնի ժողովրդական երաժշտության նվագախմբի անդամ, իսկ Բոստոնի բալետի նվագախմբի հետ որպես կլարնետահար համագործակցել է 43 համերգաշրջան: Նա հանդես է եկել նաեւ Միացյալ Նահանգներից դուրս՝ որպես Հայաստանի պետական ​​ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, համագործակցել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական նվագախմբի եւ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ։ Հանդես է եկել նաեւ որպես այցելու արվեստագետ՝ Բոստոնի քույր քաղաք՝ Չինաստանի Հանչժոուում:

AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը նրա մասին ասում է. «AMAA-ն պատիվ է ունեցել խորհրդի անդամ եւ բարերար Էդվարդ Ավետիսյանի հետ անձամբ եւ ինստիտուցիոնալ կերպով տեւականորեն կապված լինելու: Որպես Աստծո խոնարհ ծառա, մարդ եւ հայ՝ մենք նշում ենք այն պարգեւը, որ Աստված տվել է մեր ժողովրդին եւ մարդկությանը՝ հանձին Էդվարդ Ավետիսյանի: Նրա մեծությունը ոչ թե մարդասիրության կամ ներդրողի այն հանճարի մեջ է, որ նա եղել է, այլ այն համեստ եւ բացառիկ հումանիստի, որ Էդն էր: Մենք շատ ենք կարոտելու նրան, բայց երդվում ենք շարունակել նրա ժառանգությունը այն լուսավորված երեխաների սերունդների միջոցով, որոնք անցնում են Էդի հիմնադրած, կամ նրա աջակցությունը վայելած հաստատությունների դարպասներով»:

1998 թ. Էդվարդ եւ Փամելա Ավետիսյանները Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում հիմնեցին Ավետիսյան դպրոցը, որը գործարկվեց AMAA-ի միջոցով, որպես անվճար մանկապարտեզ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Նախակրթարանից մինչեւ 12-րդ դասարաններ ունեցող դպրոցի ներկայիս շենքը, որը պաշտոնապես բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 1-ին, առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որ ստացել է արծաթե LEED վկայական, նաեւ արժանացել LEED Earth կոչմանը: Դպրոցը պրն. Ավետիսյանի երազանքն էր եւ հարգանքի տուրքը ցեղասպանությունը վերապրած իր ծնողներին՝ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյաններին, ովքեր չափազանց բարձր են գնահատել կրթությունը։ Այն կենդանի ժառանգություն է՝ կրթելու հաջորդ սերունդներին մի միջավայրում, որտեղ սիրո, հարգանքի, ծառայության, ազնվության եւ աշխատասիրության միջոցով ձեւավորում ու խթանում են սովորելու հանդեպ սերը:

Էդվարդի բարեգործությունը հսկայական էր, ուներ խոր արմատներ եւ ծառայում էր Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրներին: Նրա բազմաթիվ ներդրումներով Հայաստանում կյանքի են կոչվել բարեգործական տարբեր ծրագրեր, մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը, Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի հուշահամալիրը, Նորք Մարաշի մանկական սրտաբանական հիվանդանոցը, հիմնանորոգվել է Հաղթանակ գյուղի դպրոցը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդվարդ Ավետիսյանին երկու անգամ պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Միացյալ Նահանգներում ծառայության եւ մարդասիրության նրա ակնառու նվիրվածությունը ցնահատվել է 2016 թվականին, երբ նա պարգեւատրվեց Էլիս Այլենդի Պատվո շքանշանով: 2017-ին նրա հանգուցյալ եղբոր՝ Փարամազ Ավետիսյանի հիշատակին Ռոդ Այլենդի համալսարանի դեղագործական քոլեջն (URI) ստացավ մի պարգեւ, որ մարմնավորում էր լավագույն կրթաթոշակները։ Իմանալով Էդվարդի ձեռքբերումներն ու քաղաքացիական արժեքները՝ Ռոդ Այլենդի համալսարանի դեղագործական քոլեջը 2019 թվականին նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: Էդվարդը նաեւ եղել է Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) խորհրդի անդամ: Ինքն ու կինը՝ Փամելան, հովանավորել են նաեւ այդ կազմակերպության նորակառույց կենտրոնակայանը, որը բացվել է 2019 թվականին եւ կոչվել է ոչ թե իրենց, այլ աշխարհի ամենանշանավոր մտավորականներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի անունով։ 2022 թվականի հունվարին Ռոդ Այլենդ քոլեջը նվիրատվություն ստացավ Էդվարդի քրոջ՝ Զվարթ Օնանյանի հիշատակին, նրա պատվին անվանակոչելով Բուժքույրական քոլեջը։ 2022 թվականի սեպտեմբերին նվեր փոխանցվեց Բոստոնի համալսարանին (BU)՝ աջակցելու կրթաթոշակներին, օժտված պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող ամբիոններին եւ առաջադեմ հետազոտություններին ու դասավանդմանը: Այս նվիրատվությամբ բժշկական ֆակուլտետը վերանվանվեց «Արամ Վ. Չոբանյանի եւ Էդվարդ Ավետիսյանի անվան բժշկական ֆակուլտետ»: Նրա նվիրատվությունները չեն սահմանափակվում նշվածներով, սակայն վկայում են Էդվարդի տեսլականի եւ նվիրվածության մասին՝ որակյալ կրթությունը հասանելի դարձնելու եւ աշխարհը ապագա սերունդների համար ավելի լավը դարձնելու համար:

Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոն քաղաքի երկարամյա բնակիչ պարոն Ավետիսյանի ողջ մնացած հարազատներն են կինը՝ Փամելա Վուդ Ավետիսյանը, քույրը՝ Զվարթ Օնանյանը, եղբայրը՝ Փոլ Ավետիսյանը եւ մեծ մի ընտանիք։ Էդվարդի իրավանախորդներն են եղել ծնողները՝ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանները եւ եղբայրը՝ Փարամազ Ավետիսյանը։ Նրանց հիշատակին հուշահամալիր է նախատեսվում բացել 2023 թվականի գարնանը։

Պրն Էդվարդի հիշատակին ծաղիկների փոխարեն նվիրատվություններ կարելի է կատարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության՝ Ավետիսյան դպրոցի նվիրատվության հիմնադրամին:

Առցանց ներդրումներ անելու համար այցելեք՝
http://weblink.donorperfect.com/InMemoriamAvedisian
կամ նվիրատվություններ ուղարկեք AMAA-ին՝
31 W. Century Road, Paramus, NJ 07652 հասցեով,
նշելով՝ Avedisian School Endowment Fund: