Հաղթական գավաթը Ավետիսյան դպրոցում է
Անի, Նարեկ, Լեո, Էդուարդ, Մարի, Դավիթ. այս կազմով ներկայացավ Ավետիսյան դպրոցի թիմը Ուսանողների միջազգային օրվան նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի փառատոնին, որն անցկացվեց Եվրոպական դպրոցում «Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամի, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի եւ «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի կողմից:
Մրցույթ-փառատոնին մասնակցող 13 թիմերն էլ կազմված էին 7-9-րդ դասարանների աշակերտներից:
Ավետիսյանցիներն առաջիկա մրցույթին նախապատրաստվում էին ամենայն ջանասիրությամբ՝ յուրաքանչյուր ազատ րոպեի հավաքվելով, իրար հարցեր առաջադրելով, պատասխանների տարբերակներ քննարկելով, վարժվելով թիմային խաղաոճին: Եվ փայլուն արդյունքը չուշացավ. մեր թիմը գրավեց մրցանակային առաջին տեղը եւ հարազատ դպրոցին բերեց հաղթական գավաթը: Հաղթողներին ջերմորեն շնորհավորեցինք բոլորս:
Ի՜նչ խոսք, դահլիճը հոտնկայս ծափահարեց թիմի աշխատանքները համակարգող մանկավարժներ Աշոտ Բալյանին եւ Գեղամ Պետրոսյանին:
Կեցցե՛ք, ավետիսյանցինե՛ր: Սպասում ենք ձեր հաղթանակին հաջորդ խաղում, որը կայանալու է Ամանորի նախօրեին Գյումրիում:
Փառատոնում երկրորդ եւ երրորդ պատվավոր տեղերը համապատասխանաբար գրավեցին Դիլիջանի կենտրոնական եւ Երեւանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցների թիմերը: