Այց զորամաս
Ավետիսյան դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի մայիսյան այցն Արցախ, ինչպես ամեն անգամ, հագեցած էր և բազմապլան: Աշխատանքային գործուղմանը զուգընթաց՝ տիկին Գեղամյանը այցելեց նաև սահմանապահ զորամաս և, անշուշտ, ոչ դատարկաձեռն:
Նվերների փաթեթները և տուփերը պատրաստել էին դպրոցի սաները: Մեծից փոքր նամակներ էին գրել մեր սահմանապահ մարտիկներին:
Հանդիպումը զորամասում հարազատորեն ջերմ էր: Նվերներից և քաղցրավենիքից ավելի, սակայն, հուզիչ էին զինվորներին ուղղված նամակները: Տղաները կարդում, ապա ձեռքից ձեռք էին փոխանցում մեկը մյուսից ավելի սրտառուչ նամակները:
«Իմ քա՛ջ զինվոր, դու սպասիր. ես գալիս եմ», – առաջինդասարանցի Դավիթի այս քաջալերանքը հուզեց բոլորին: Դեռ երեկ՝ դպրոցական, իսկ այսօր՝ հայրենիքի անվեհեր պաշտպան տղաները մեծավարի խոստացան, որ անպայման կպատասխանեն ստացած նամակներին: