Արդեն երկու տարի է, ինչ շատ ծնողները ձգտում են իրենց երեխաներին տանել Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն։ Այս մասին է վկայում ընդունելության դիմումների անհամեմատ մեծ թիվը։ Թեև կրթահամալիրը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն գրավել է և՛ Կենտրոնի, և՛ Նոր Նորքի, և՛ Աջափնյակի, և՛ Շենգավիթի բնակիչների ուշադրությունը։ Շատերն են հետաքրքրված այս համայնքային կենտրոնով, շատերն են ցանկություն հայտնում մտնել և ներսից ծանոթանալ շենքի առանձնահատկություններին, արդիականորեն հագեցած լաբորատորիաներին, ընդլայնված կրթական ծրագրին և էկոլոգիական մշակույթին։
Մի ընտանիք նույնիսկ տեղափոխվեց Մալաթիա-Սեբաստիա համայնք, որպեսզի իր երեխան կարողանա սովորել Ավետիսյան կրթահամալիրում։
Հարկ ենք համարում նշել, որ դպրոցը գործում է 1999 թվականից։
Մեծ հետաքրքրությունը և պահանջարկը հիմնված են այն իրողության վրա, որ կրթահամալիրն ապահովում է իր սաների բազմակողմանի և ամբողջական ուսուցումը։ Այստեղ կրթադաստիարակչական գործընթացն սկսվում է մանկապարտեզից և ավարտվում ավագ դպրոցով։
Կրթահամալիրի շենքը, իրոք, ունի մի շարք առանձնահատկություններ. այն նորակառույց էկոշենք է, որը հավակնում է ամերիկյան LEED հավաստագրի: Իրենց տեսակի մեջ եզակի արևային վահանակներով և կանաչ տանիքներով, անձրևաջրերի ֆիլտրումով և վերաօգտագործմամբ դպրոցի շենքն ինքնին բնապահպանական կրթության լաբորատորիա է։
Դեռ նախակրթարանից երեխաները դաստիարակվում են որպես հայրենասերներ և բնության պաշտպաններ։ Պետական կրթական ծրագրին առընթեր՝ դպրոցում գործում են զանազան խմբակներ, էկոխմբակներ, բանավեճի ակումբ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սաները պատրաստ են ընդունվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արևմտյան բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Մեր դպրոցին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութով՝ https://www.youtube.com/watch?v=xxQlWTF8P9k
Կրթահամալիրի մանրամասների համար այցելեքwww.avedisianschool.am