Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2021 թ. հունվարի 27-ին լույս տեսած համարում՝ «Եթե դպրոցը մի գնացք է, նրա շոգեքարշը լավ ուսուցիչներն են» վերտառությամբ։

Վերջին տարիներին հաճախ են հակադրում ուսուցման ավանդական և ինտերակտիվ մեթոդները, ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումները։ Ընդ որում այդ հակադրումը կատարվում է այն համատեքստում, որ ինտերակտիվ և աշակերտակենտրոն մոտեցումները բացարձակապես լավն են, իսկ ավանդական և ուսուցչակենտրոն մոտեցումները՝ վատը։ Կարծում եմ, այս մոտեցումը հիմնավորված չէ։ Ինտերակտիվ մոտեցումներն անհրաժեշտ են աշակերտներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնելու համար։ Բայց այդ ամենը չի բացառում նաև ավանդական մոտեցումների կիրառումը, (հարց ու պատասխանը, նյութի վերհիշելը եւ այլն):

Ժամանակակից կրթության մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ աշակերտների ուշադրությունը գրավված է գործունեության տարբեր տեսակների կողմից։ Եվ այդ մրցակցության մեջ կրթությունը պարտվողի դերում է։ Ընդունված կարծրատիպ է, որ ի տարբերություն չափահասների՝ երեխաները ոչնչով զբաղված չեն։ Հետևաբար նրանք պետք է պարապեն, սովորեն։ Մինչդեռ այսօր տարատեսակ ինֆորմացիաների ակտիվ միջամտության արդյունքում աշակերտներն այլևս պարապ չեն։ Նրանց բավականաչափ զբաղեցնում են սոցիալական ցանցերը։ Մի խոսքով՝ սովորելու ժամանակ շատ քիչ է մնում։ Որպեսզի սովորելու գործընթացը հնարավոր լինի, կրթության համակարգը պետք է փորձի գրավել աշակերտների ուշադրությունը։ Այսպիսով՝ սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Երբ աշակերտը կենտրոնացնում է ուշադրությունը, ուսուցանվող նյութը տեղափոխվում է աշխատանքային հիշողության մեջ, սակայն մարդը չի կարող միանգամից շատ բան սովորել։ Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ մեր դասագրքերով եւ դասերի ժամանակ հաճախ ականատես ենք լինում իրավիճակների, երբ կարճ ժամանակում աշակերտներին փոխանցվում են մի քանի տասնյակ նոր անուններ,թվեր, տերմիններ ու հասկացություններ։ Իսկ ի՞նչ կարելի է անել, որ աշակերտները հնարավորինս շատ բան սովորեն։ Խորհուրդ կտամ նոր նյութը սովորեցնել կապակցված՝ օգտագործելով գծապատկերներ, պատմություններ, որպեսզի աշակերտները կարողանան լավ յուրացնել նյութը։ Եթե նյութը ուսուցանում ենք՝ հիմնվելով միայն չոր փաստերի, ապա աշակերտները քիչ բան են սովորում։

Աշակերտի՝ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի նա։ Այն աշակերտները, ովքեր ունեն գիտելիքների հարուստ նախնական պաշար, ավելի շատ բան կարող են վերցնել նոր ուսուցանվող նյութից։ Ցավոք, սակայն, մեր կրթական համակարգը կառուցված է այնպես, որ մենք ավելի շատ մակերեսային՝ ոչ կարեւոր բաներ ենք սովորեցնում։ Մեր կրթական համակարգը վազք է կրթական ծրագրի հետևից, ինչի պատճառով աշակերտները չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Այս առումով, որպեսզի աշակերտները ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը կրկնելու, ամրապնդելու, կիրառելու, կապակցելու հնարավորություններ ընձեռվեն։ Ընդ որում դա պետք է արվի կանոնավոր և շարունակական ձևով։ Այլ կերպ ասած՝ պետք է կարևորել ոչ միայն ուսումնական ծրագրի այլև խորությունը։

Վերջին տարիներին շատ մարդիկ փորձում են գիտելիքն ու մտածողությունը հակադրել իրար։ Հաճախ ենք լսում արտահայտություններ, որ Google-ն ամեն ինչ գիտի։ Հետևաբար՝ մեր խնդիրը գիտելիք ունենալը չէ, այլ մտածողության հմտությունները զարգացնելը։ Սակայն այդպես չէ։ Այսօր էլ հիմնային գիտելիքը ուսուցման հիմքն է, իմ խորին համոզմամբ նման տեսակետ արտահայտողները գիտելիքը շփոթում են տեղեկույթի հետ։ Օրինակ՝ ոչ մի բժիշկ չի կարող բարդ վիրահատություններ անել առանց հիմնային գիտելիքի։ Ոչ մի պատմաբան չի կարող վերլուծություններ անել առանց անուններ և թվականներ հիշելու

Google-ն ունի տեղեկույթ։ Իսկ գիտելիքն այսօր էլ կարևոր է, քանի որ, եթե չկա գիտելիք, ապա ինչի՞ մասին ենք մենք մտածում։ Այլ հարց է, որ սոսկ գիտելիք ունենալը բավարար չէ։

Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ մտաբերումը ուսուցման առավել արդյունավետ ձևերից է։ Մտաբերումը մտապահված գիտելիքի ակտիվացումն է, իմացածը դուրս բերելը։ Հետաքրքիր է, որ «կրթություն» բառի լատիներեն «education» համարժեք բառի արմատը՝ «educe», թարգմանաբար նշանակում է «դուրս բերել»։ Ուսուցման գործընթացում մենք հաճախ ավելի կարևորում ենք գիտելիք տալը։ Բայց պարզվում է, որ սովորելու չափանիշը իմացածը դուրս բերելն է, որ հայերեն կարող ենք կոչել մտաբերում։

Հետևաբար՝ շատ ավելի արդյունավետ է կարևոր թեմաները ոչ թե ուսուցանել մեկ դասի ընթացքում և առաջ անցնել, այլ պետք է դրանց անընդհատ անդրադառնալ։

Նյութի ուսուցման արդյունավետ գործիքներից մեկը մանրամասնումն է։ Ուսուցիչների մոտ սովորաբար առկա է մի երևույթ, որը կոչվում է «գիտելիքի անեծք»։ Գիտելիքի անեծքը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիտելիք ունեցող ուսուցիչը սովորեցնում է դեռևս գիտելիք չունեցող աշակերտին, այլ կերպ ասած՝ ուսուցման գործընթացում առկա է որոշակի անհամաչափություն։ Խնդիրն այն է, որ գիտելիք ունեցողը հաճախ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում դեռևս չիմացող աշակերտի հետ։ Ի՞նչ է հասկանում նա, ի՞նչ չի հասկանում, ի՞նչն է դժվարությամբ տրվում։ Պատահական չէ, որ հաճախ ուսուցիչները զարմանում են, թե ինչու աշակերտները հասարակ բաները չեն հասկանում։

Շատ կարևոր է աշակերտներին նոր բաներ սովորեցնելիս մանրամասնել և անդրադառնալ՝ ինչու է այդպես, ինչից է բխում այդ հետևությունը, որոնք են խնդրի բաղկացուցիչները և նմանատիպ այլ հարցերի։ Առավել կարեւոր եմ համարում օրինակներով ուսուցումը: Ուսուցման գործընթացում ուսուցիչները հաճախ են օրինակներ օգտագործում, սակայն դրանց հետ կապված կարևոր է իմանալ երկու բան։ Առաջին՝ հաճախ ուսուցիչները բավարարվում են մեկ օրինակ բերելով։ Մինչդեռ շատ կարևոր է, որ աշակերտներին առաջադրանքներ տալիս տրվեն այնպիսի օրինակներ, որոնցում հարցի պատասխանի մի մասը առկա է, կամ ներառված են խնդրի լուծման որոշ քայլեր։ Սա աշակերտներին քայլ առ քայլ սովորելու հնարավորություն է տալիս:

Աշակերտները շատ ավելի լավ են յուրացնում այն ամենը, ինչը ուղեկցվում է պատկերներով։ Դրանք կարող են լինել նկարներ, լուսանկարներ, գծագրեր, գծապատկերներ, եւ այլն…Այս դեպքում աշակերտը կարողանում է իրեն կողքից նայել և հասկանալ իր իմացածն ու չիմացածը։ Այդ ժամանակ է, որ աշակերտը փորձում է կարեւորել կրթությունը, ձգտել նոր գիտելիքների ձեռքբերման: Իսկ այս ամենում երեխայի կողքին պետք է լինի ուսուցիչը: Ամենակարևորը, դպրոցի դեմքը ուսուցիչն է: Նա պետք է լինի պրպտող, անընդհատ սովորող, դասագրքից բացի լրացուցիչ գրականությունից օգտվող: Նրա ձեռքի տակ պետք է լինեն տարբեր ձեռնարկներ: Ոչ մի բարեփոխում, ոչ մի լավ ծրագիր, ոչ մի լավ դասագիրք ու ձեռնարկ, ոչ մի նորագույն տեխնոլոգիա, լավ որոշում ու հրահանգ չեն կարող փոխարինել իր գործին ջերմորեն սիրահարված, զօր ու գիշեր նրանով ապրող ու շնչող ուսուցչին: Այդպիսի ուսուցիչներ ունենալու դեպքում հաջողություններն անպակաս են: Պատկերավոր ասած` եթե դպրոցը մի գնացք է, նրա շոգեքարշը լավ ուսուցիչներն են:

Ո՞վ է լավ ուսուցիչը: Լավ ուսուցիչը նա չէ, ով ունի մասնագիտական կայուն գիտելիքներ: Լավ ուսուցիչը նախ և առաջ պետք է ապրի աշակերտի հոգսերով, աշակերտի ձեռքբերումները համարի նաև իրենը: Նա է, ով իր առջև նստած աշակերտի մեջ տեսնում է երկրի ապագան կերտող քաղաքացուն և դաստիարակում է կրթված եւ հայրենասեր սերունդ: Իհարկե, ցանկացած մարդ լավ է զգում, երբ իր աշխատանքը գնահատվում է նաև պետության կողմից: Բայց ուսուցչի համար ամենամեծ գնահատանքը ազգի ու հայրենիքի համար դաստիարակած ու աճեցրած կիրթ և խելացի, աշխատասեր ու բանիմաց, անձնվեր ու հայրենասեր սերունդների երախտագիտությունն է:

Մելանյա Գեղամյան