Լավ լուրն այն է, որ հնարավոր է սովորել, աճել եւ զարգացնել հուզական բանականությունը:
Այս դրական ալիքի վրա անցավ հուզական բանականության վերաբերյալ հանդիպում-զրույցը Ավետիսյան դպրոցում, որի ավագ դպրոցի աշակերտների հյուրն էր եւ այդ մասին դահլիճում նստածներին շատ կարեւոր մանրամասներ փոխանցեց Բեյրութի Հայ Ավետարանական Կենտրոնական ավագ դպրոցի տնօրեն տիկին Մարալ Դեյիրմենջյանը:
Նա համոզիչ օրինակներով բացատրեց, թե ինչպես մեր հույզերն ավելի շատ են ազդում մեր գործողությունների եւ վարքագծի վրա, քան բանական միտքը՝ չնայած նրան, որ մարդիկ միակ բանական արարածներն են երկրի վրա:
Տիկին Դեյիրմենջյանը մասնավորապես անդրադարձավ սեփական հույզերը գիտակցելու, հասկանալու, կառավարելու եւ կիրառելու ունակության, այլ խոսքով՝ հենց հուզական բանականության կենսական կարեւորությանը ամեն մեկիս կյանքում: Նա բացեց պայմանական համարվող բազմաթիվ «փակագծեր», ներկայացրեց հուզական բանականության շնորհիվ մարդու առջեւ բացվող բազմաթիվ եւ բազմաբնույթ հնարավորությունները:
Համոզիչ էին բանախոսի օրինակներն այն մասին, որ սեփականից բացի նաեւ դիմացինի հույզերը հասկանալու, հուզական բանականությունը ճիշտ ըմբռնելու շնորհիվ են ստեղծվում առողջ եւ որ գլխավորն է՝ փոխշահավետ հարաբերությունները, ձեռք բերվում հաջողություներ թե՛ հանրային, թե՛ պաշտոնական եւ թե՛ անձնական կյանքում:
Իրենց հույզերը հասկացող եւ վերահսկող մարդիկ, ովքեր ի վիճակի են հասկանալու նաեւ այլոց զգացմունքները, սովորաբար հաջողակ են, վստահելի, սիրված եւ գնահատված: Նրանք վերլուծում եւ գիտակցաբար լռեցնում են իրենց մեջ ուրիշի հանդեպ ծագած բացասական զգացմունքների՝ խանդի, նախանձի, հակակրանքի սկզբնաղբյուրները, փորձում հասկանալ նրան, աշխատում սեփական ինքնագնահատականի բարձրացման վրա: Այդպիսով նրանք օգտագործում են հուզական բանականությունը՝ իրենց երազանքներին հասնելու համար: Եվ դա մեծ մասամբ հաջողվում է:
«Ի՞նչ կարող է անել հուզական բանականությունն ինձ համար». այս հարցադրումն էր հանդիպման լեյտմոտիվը՝ գլխավոր գաղափարը, որը խորհելու առիթ տվեց կյանքի շեմին կանգնած պատանի ավետիսյանցիներին: