«Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ում կայացավ ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի «Լեզվի դերը առարկաների դասավանդման գործում» ծրագրի եռօրյա սեմինար պարապմունքը (առաջինն անցկացվել էր առցանց ձևաչափով): Մասնակցում էին անգլերենին տիրապետող առարկայագետ ուսուցիչներ ՀՀ մարզերից և Երևանից, այդ թվում՝ Ավետիսյան դպրոցի 6-հոգիանոց թիմը (սեմինարի համակարգող՝ Ավետիսյան դպրոցի մանկավարժ Ծովիկ Մանուկյան):

Ծրագիրը կյանքի է կոչվել ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի և Ավետիսյան դպրոցի համաֆինանսավորմամբ:

Ինչպե՞ս նպաստել աշակերտի լեզվի զարգացմանը մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության կամ կենսաբանության դասի ընթացքում: Ինչպե՞ս համատեղել լեզուների և մյուս առարկաների դասավանդման նպատակները: Լեզվական ինչպիսի՞ դժվարություններ կարող են խանգարել աշակերտին այս կամ այն առարկայից տրված դասը հասկանալու կամ խնդիրը լուծելու համար, և ի՞նչ ճանապարհներ կան՝ այդ խոչընդոտները հաղթահարելու:

Մերօրյա այս հրատապ հարցադրումներին, դրանցից բխող խնդիրների վերլուծմանն ու վերացման ուղիներին էին նվիրված փորձագետներ Ժերոմ Բելիարի (Ֆրանսիա), Էլի Մոյի (Նորվեգիա) և Արտաշես Բարխանաջյանի (Հայաստան) ելույթներն ու մեկնաբանությունները, որոնց լսարանն արձագանքում էր աշխույժ քննարկմամբ:

Սեմինարի վերջին օրը հատկացվեց գործնական խմբային աշխատանքներին, որոնց ընթացքում տարբեր առարկաներից ընտրելով մեկական տեքստ՝ մասնակիցները ներկայացրին աշակերտի կողմից նրա ընկալման դժվարությունները և դրանց հաղթահարման նպատակով ուսուցչի ձեռնարկելիք քայլերը:

Սեմինար պարապմունքների աշխատանքը հանրագումարելով՝ ԵԽ Ժամանակակից լեզուների կենտրոնի Հայաստանի ազգային պատասխանատու Լուսինե Ֆլջյանը հրավիրյալ փորձագետներին փոխանցեց հուշանվերներ:

Ներկաներին ողջունեց AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը:

Ջերմ էր նաև հրաժեշտի պահը. լուսանկարներ՝ սեմինարի ամբողջ կազմով, դպրոցի հիշարժան վայրերի խորքի վրա, շրջայց դպրոցում՝ Նարեի և Դավիթի անգլերեն բացատրություններով, նաև հուշանվերներ դպրոցից, որ գոհունակության իր խոսքի հետ հյուրերին փոխանցեց Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը: