Հագեցած օր

11-րդ «բ» դասարանը (դասղեկ եւ պատմության ուսուցիչ` Արմեն Հովսեփյան) այցելեց «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» աննախադեպ միջազգային ցուցահանդեսը՝ դիտելու Փարիզի Լուվրի թանգարանի հավաքածուներից Երեւան բերված արեւելաքրիստոնեական 16 ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ունեն աշխարհագրական (Բյուզանդական կայսրություն, Բուլղարիա, Եգիպտոս, Կրետե, Սիրիա, Երուսաղեմ) եւ ժամանակային (IV-XIX դարեր) լայն ընդգրկում:

Ավետիսյանցիները հիացմունքով ծանոթացան այդ գլուխգործոցներից յուրաքանչյուրին՝ ապակու եւ փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ, խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաեւ եկեղեցական հանդերձանք, վարագույրներ եւ սպասք, սրբապատկերներ, մասանց պահարան։

Համաշխարհային մշակութային ժառանգության այս գանձերի ցուցադրումը համադրված էր թանգարանի հարուստ հավաքածուներից առանձնացված ընտրանու հետ, որն ընդգրկում էր երկու տասնյակից ավելի բացառիկ նմուշներ՝ Դվինի թեւավոր խաչը (VII դ.), Սեւանի Սբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակները (IX դ.), շքեղ փորագրություններով դուռը (XV դ.), Անիի բուրվառներից մեկը (XIII դ.), Բաղեշի Սբ Հովհաննես վանքի խորանախաչը (1770 թ.), Գավառի Սբ Հովհաննես եկեղեցու վարագույրը (XIX դ.) եւ այլն: Առանձնակի ներկայացված էր նաեւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը՝ փոխառված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից:

Օրը հագեցած էր. երկու հավաքածուների համատեղ ցուցադրության մշակութային միջավայրն ու մթնոլորտը, թանգարանի մյուս սրահներwum կատարած շրջայցը 11-րդցիների մեջ է՛լ ավելի ամրապնդեցին Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի համաքրիստոնեական հոգեւոր մշակույթի հարստության, բազմազանության եւ գեղարվեստական ժառանգության ամբողջական պատկերը։