Ավարտվեց ապրիլի 6–ին մեկնարկած «Ծնողավարման հարթակի» ամենշաբաթյա հանդիպումների շարքը, որն անցկացվեց Հայ Ավետարանչական ընկերակցության և Ավետիսյան դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ առաջին երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների ծնողների համար:

Դպրոցի հոգեբան-մանկավարժ տիկին Արփի Խաչատուրյանը ծնողների ունկնդրությանը և ուշադրությանը ներկայացրեց նոր սերնդի երեխայի դաստիարակությանն առնչվող հրատապ հարցեր և կենսականորեն կարևոր մանկավարժահոգեբանական թեմաներ, ինչպիսիք են անձի զարգացման փուլերը, ծնողավարման սկզբունքները, ոճերը, վարքի ձևավորումը, երեխաների ընդունակությունների տեսակները և այլն:

6 շաբաթ տևողությամբ «հարթակում» երիտասարդ ծնողներն ստացան իրենց հուզող բազմատեսակ հարցերի պատասխանները, սովորեցին նոր ժամանակների պահանջներին համաքայլ գնալու ուղիներ և դրանցով թելադրված նոր լուծումներ:

Բոլոր հանդիպումներն անցան նրանց աշխույժ մասնակցությամբ և օրվա թեմայի բազմակողմանի քննարկմամբ:

«Ծնողավարման հարթակի» աշխատանքի արդյունքն ավելի, քան գոհացուցիչ էր: Այն գործուն օգնության ձեռք էր՝ սիրով պարզված մերօրյա երիտասարդ ծնողներին: