Բազմապիսի միջոցառումները, ինչ առարկայից էլ լինեին, յուրաքանչյուր անգամ ի հայտ էին բերում գեղարվեստական ձիրքով օժտված նոր շնորհալիների:
Դաշնամուր, սաքսոֆոն, կիթառ, դհոլ, դուդուկ, թառ, շեփոր, ֆլեյտա, ջութակ, ուկուլելե, վոկալ արվեստ, ասմունք, պար… Այսպիսին է ավետիսյանցիների արվեստի գեղադիտակը: Ուստի ամենեւին էլ անսպասելի չէր բարձր դասարանների աշակերտների ուրախությունը, երբ բարձրախոսը նրանց հրավիրեց դահլիճ՝ հանդիպելու մոսկվայաբնակ հայտնի ռեփ կատարող, «Տիր» հայագիտական կենտրոնի ղեկավար եւ հասարակական գործիչ, Դավիթ Աղաջանյանի հետ:
«Ты армянин» սիրված ռեփի հեղինակը սկզբում երաժշտասեր ավետիսյանցիներին ներկայացրեց արդի երաժշտական ժանրերն ու տեսակները, ռեփ գրելու, ձայնագրման ստուդիայում աշխատելու որոշ հետաքրքիր մանրամասներ:
Ամենահետաքրքիրը, սակայն, առջեւում էր. հյուրի հրավերով ավետիսյանցի երաժշտասերները բարձրացան բեմ եւ բաժանվելով երկու խմբի՝ փորձեցին հենց բեմում հորինել եւ կատարել իրենց ռեփը:
Մասնագիտության ընտրության մեջ իր սաներին ուղղորդելու նպատակով Ավետիսյան դպրոցը հաճախակի է նրանց ներկայացնում գիտության, գործարարության, արվեստի տարբեր բնագավառներում հաջողության հասած մեր հայրենակիցների հետ: Իսկ ռեփ կատարող Դավիթ Աղաջանյանի հետ հանդիպումը (ի դեպ, նրա բեմական անունն է NAY 374) ինչքան որ կողմնորոշող էր եւ ուսանելի, նույնքան էլ՝ լիցքաթափող տարեվերջյան այս լարված օրերին: