Ավետիսյան դպրոցի օրացույցում փետրվարի 19-ը վաղուց դարձել է սպասված ու ցանկալի օր: Մեծ թե փոքր առանձնահատուկ խնամքով են նախապատրաստվում այս յուրահատուկ տոնի խորհրդին. քանզի Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը վաղուց արդեն անքակտելիորեն կապվել է գիրք նվիրելու արարողության հետ: Թումանյան և գիրք, չարենցյան բնորոշմամբ՝ գրքերի աշխարհի «անեզր տիեզերք». այլ կերպ չէր էլ կարող լինել:

Այս խանդավառ մթնոլորտով սկսվեց Գիրք նվիրելու օրը կրթահամալիրում: Նախակրթարանից, տարրական դպրոցից մինչև գրադարանի գեղարվեստական խմբակի և դասարանական շնորհալիների ելույթներ, թումանյանական հեքիաթների բեմականացում տարրական դպրոցում, պատմական անդրադարձ, ֆիլմաշար, տեսասահիկներ, մաղթանքներ, շնորհակալագրեր և, իհարկե, և անպայման՝ ասմունք, որի որակի և ճաշակի համար շնորհակալ աշխատանք էին տարել մանկավարժներ Գայանե Գրիգորյանը, Լիլիթ Բախշյանը, Անի Օհանյանը, Սվետլանա Աղաջանյանը, Եվա Ֆարմանյանը:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, դասարանները մեկ առ մեկ դահլիճին ներկայացրին և կրթօջախի տնօրեն Մելանյա Գեղամյանին հանձնեցին հարազատ դպրոցի գրադարանին իրենց նվերները՝ հայ, ռուս, արևմտյան դասականներից մինչև ժամանակակից բեսթսելլերներ, մինչև ուսումնական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան, ֆանտաստիկ, գիտական, հոգեբանական գրքեր և դասագրքեր:
Միջոցառման վերջում յոթերորդ «բ» դասարանի աշակերտները ավագ դասընկերներին բաժանեցին հայոց լեզվի մաքրությանը նվիրված թռուցիկներ, իսկ չորրորդ «բ» դասարանը դասղեկ Վ. Պողոսյանի առաջնորդությամբ դպրոցից անմիջապես ուղևորվեց դեպի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: