Հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջին իսկ օրվանից հուզում էին 8-րդ դասարանցիներին: Նրանք այդ հարցերով ուղղակի հեղեղում էին գրականության ուսուցչուհուն՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ, արդյո՞ք, մի՞թե…
Դրանց պատասխանը գտնելու համար հոկտեմբերյան մի արևոտ օր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի աշակերտները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանք, որի գավթի տեսարանով էլ ավարտվում է մեծ ռոմանտիկի վեպը:
Ահա և վանքը, Խենթի տապանաքարը՝ ծննդյան և մահվան տարեթվերով, հերոսի իսկական անուն-ազգանունով: Ծաղիկներ, համառոտ անդրադարձ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրալից կյանքի ուղուն: Պատանիները հուզախռով վիճակում են. հենց այստեղ և հենց այս պահին իրենք անմիջականորեն շաղախվում են հարազատ ժողովրդի պատմությանը… 
Իսկ վանքի հին գերեզմանատանը ութերորդցիները սրտի թրթիռով գտան Լալայի համեստ շիրմաքարը: Աղջիկներից ոմանք հուզմունքից լռել էին. այնքա՜ն են պատկերացրել այս պահը:
Ուրախալին այն էր, որ «Խենթի» հերոսուհու գերեզմանին մեզանից առաջ էլ այցելողներ էին եղել, վկայությունը՝ չորացած սպիտակ մեխակները, որոնց կողքին և շուրջը վարդ ու մեխակներ շարեցին մեր ութերորդցիները:
Վերադարձին, արտասանելով Վահագն Դավթյանի «Զվարթնոցի արծիվը», խումբը կանգ առավ «Զվարթնոց» պետական արգելոց-թանգարանի մոտ: Չքնաղ տաճարի կանգուն և տապալված խոյակներն ուսումնասիրելուց, ավերակների մոտ լուսանկարվելուց, ասմունքելուց հետո խումբը բռնեց տունդարձի ճանապարհը:

