Օգոստոսի 16-ին  «Ավետիսյան» կրթահամալիրի բակում եռուզեռ էր. դպրոցի սաները այս ամառ էլ ուղևորվում էին Հանքավան՝ «Շիին Շողիկ» ճամբար` անցկացնելու ամառային մի քանի հրաշալի օրեր:

Ճամբարային բոլոր օրերն  անցան բավականին  հետաքրքիր: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին բակում կազմակերպված սպորտային խաղերին ու մրցույթներին, իսկ  երեկոյան՝  դահլիճում կայացած միջոցառումներին, որտեղ ներկայացվում էին հումորային զվարճալի ծրագրեր և թատերական ներկայացումներ՝ մեր աշակերտների մասնակցությամբ:  Իսկ  օգոստոսի  18-ին անցկացվեց    ուսուցողական և ճանաչողական միջոցառում: Այս անգամ այստեղ հյուրընկալվել էին 20-րդ դարի հայ քանդակագործության և գեղանկարչության  ամենապայծառ ներկայացուցիչներից  մեկի՝ Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրինությունն ու գիտաշխատողները:

«Ավետիսյան» դպրոցի  սաները դիտեցին  ուշագրավ տեսանյութ մեծ արվեստագետի  կենսագրության և ստեղծագործության  բազմաբեղուն  ուղու մասին: Այնուհետև գիտաշխատողները մանրամասն ներկայացրին  «Սասունցի Դավիթ» և «Վարդան Մամիկոնյան»  լեգենդար կոթողների կերտման պատմությունը:

Միջոցառման ավարտին աշակերտներին բաժանվեցին  Քոչարի ստեղծագործության  վերաբերյալ  հետաքրքրական  բուկլետներ:

Ճամբարի վերջին  օրն անցավ էլ ավելի ուրախ և անմոռանալի. պատանիները  ուսուցիչների առաջնորդությամբ, մեկնեցին Ծաղկաձոր: Նրանք այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Կեչառիսի վանքային համալիր, ապա հիանալի ժամանակ անցկացրին բնության գրկում: Իսկ  կեսգիշերին հավաքվելով խարույկի շուրջ՝ ասմունքեցին, երգեցին  և  զրուցեցին իրենց երազանքների  մասին:

Կրթահամալիրի սաները Հանքավանից վերադարձան խանդավառությամբ և հաջորդ տարի կրկին այնտեղ գնալու սպասումով: