Զատկական շաբաթվա Ավագ ուրբաթ՝ դասավարտի զանգից անմիջապես հետո, Ավետիսյան դպրոցն ամբողջ կազմով «դուրս հորդեց» բակ: Կայծակնային արագությամբ ձևավորվեցին տոնավաճառի սեղանիկները՝ մեկը մյուսից հարուստ, գունագեղ, գայթակղիչ: Եվ ապրիլյան պայծառ ու արևոտ երկնքի տակ սկսվեց Հարության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառքը: Նախակրթարանից, տարրական դասարաններից և, ընդհանրապես, ամբողջ միջնակարգ դպրոցից տոնավաճառին անմասն չէր մնացել բառացիորեն ոչ ոք. լայնարձակ բակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար…

Նախատոնական միջոցառումը վերածվեց իսկական տոնի, երբ աշակերտական «արտադրանքի» ցուցադրության և վաճառքի հևքին ձայնակցեցին մեր երաժիշտ կատարողները. անգամ դպրոցի սահմաններից շատ հեռու արձագանքվում էին Ավետիսյան դպրոցի բակից հնչող քանոնի ու դհոլի, ջութակի ու կիթառի կանչող ելևէջները:

Մոտ երկու ժամ անց գրեթե բոլոր սեղանիկները սրբված-դատարկված էին. յուրաքանչյուր դասարան ձգտել էր լինել լավագույնը. չէ՞ որ ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթն այս անգամ նվիրվելու էր հարազատ դպրոցին: