Հալեպահայ իրականության մեջ հայտնի դեմք է արձակագիր, թարգմանիչ, դերասան, բեմադրիչ և մանկավարժ, տիտղոսակիր Հակոբ Միքայելյանը: 2014 թվականից հաստատվելով Հայաստանում՝ վաստակաշատ մտավորականը շարունակում է իր բեղուն գործունեությունը ստեղծագործական, մանկավարժական և լրագրության ասպարեզներում, հատկապես սերտ կապեր ունի ԱՀԱԸ հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցի հետ: Հենց այս կրթօջախի գրադարանում էլ կայացավ մանկավարժների և բարձրդասարանցիների հանդիպումը պարոն Հ. Միքայելյանի հետ, և առիթը գրողի ութերորդ գրքի՝ «Ճակատագրի սև կատուն» վիպակի քննարկումն էր:
Առաջին հարցերը, որ ուղղվեցին գրողին, կապված էին նրա կենսագրության հետ: Շատ հետաքրքիր էր լսել զեյթունցի բռնագաղթյալների զավակի կենսապատումը, նրա անձնական և ազգային դիրքորոշումները, մտորումները արևմտահայերենի և ընդհանրապես հայերենի մասին, նաև պատկերացնել սիրիահայ յուրահատուկ և գունեղ իրականությունն՝ իր կրթօջախներով, ինչպես նաև սիրիական պատերազմների ծանր անդրադարձը նախկինում հսկայական ու ծաղկուն հայկական համայնքի վրա:
Ապա բառի բուն իմաստով տեղացին հարցեր վիպակի ստեղծման, նրա հիմքի, կերպարների, հանգուցալուծման վերաբերյալ: Ընթերցողներին հատկապես հուզում էր գլխավոր հերոսի՝ Զավենի կերպարը, այն ամենը, ինչ կապված էր նրա ճակատագրի հետ:
Այնուհետև հանդիսավար մանկավարժ Լ. Բախշյանի նախաձեռնությամբ աշակերտները, ապա նաև մանկավարժները ընթերցեցին վիպակի՝ իրենց ամենից շատ դուր եկած մտքերն ու արտահայտությունները, որոնք դուրս էին գրել նախապես՝ գիրքը կարդալուն զուգահեռ:
Հանդիպումը ջերմ էր և անմիջական: 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյան փորձեց վերլուծել վիպակը և ներկայացրեց իր պատկերացումները նրա գաղափարի, հեղինակի, հերոսների մասին: Պարոն Հակոբ Միքայելյանը նրան նվիրեց վիպակի մի օրինակը՝ իր մակագրությամբ:
Ի հիշատակ այս բովանդակալից օրվա՝ հրաժեշտից առաջ բոլորը լուսանկարվեցին հարգարժան հյուրի հետ, իսկ դպրոցի տնօրեն տ-ն Մելանյա Գեղամյանը Ավետիսյան կրթօջախի անունից պարոն Հակոբին նվիրեց Ս. Էջմիածնի արժեքավոր գործերից «Տերունական տոմար» հրատարակությունը:
Ի դեպ, Ավետիսյան դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ արդեն չորս տարի է, ինչ ուսուցանվում է արևմտահայերեն: Ուրախալի բացահայտում էր, որ այն արդեն դյուրամատչելի է ավետիսյանցիների համար: «Ճակատագրի սև կատուն» բոլորը հեշտությամբ կարդացել էին արևմտահայերենով:
Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման (նախագահ՝ Ն. Գրիգորյան) մյուս հետաքրքիր ձեռնարկումների մասին կպատմենք շուտով: