«Ավետիսյան» դպրոցը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի հետ՝ մասնակցելով նրա կողմից կազմակերպված տարբեր մրցույթների և միջոցառումների: Այս անգամ համագործակցության առիթը ՄԱԿ-ի 70-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումն էր:
Մեր դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները նախապես հրավիրվել էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակ, ծանոթացել ՄԱԿ-ի պատմությանն ու գործունեությանը: Գրասենյակի աշխատակիցները դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցիչներին առաջարկել էին ՄԱԿ-ին նվիրված դասի որոշակի կառուցվածք (համագործակցային մեթոդներով դաս, յուրաքանչյուր խմբի տասնհինգրոպեանոց ելույթ):
Մեր ուսուցիչները, օգտագործելով և զարգացնելով այս գաղափարը, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ հունիսի 9-ին կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում:
Աշակերտները համառոտ ներկայացրին ՄԱԿ-ի պատմությունը և գործունեությունը: Այնուհետև նրանք բաժանվեցին 4 խմբի և ներկայացրին աֆրիկյան 4 հանրապետություններ (Եգիպտոս, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Գանա և Նիգերիա), որոնք ներկայացուցիչներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:
Դպրոցի սաները այս երկրների ժողովուրդներին բնորոշ գունագեղ հագուստներով ու զարդերով էին: Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց այս պետություններից յուրաքանչյուրի աշխարհագրական դիրքը, պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, տնտեսությունը, արդյունաբերության զարգացած ճյուղերը, տեսարժան վայրերը: Այս ամենն ուղեկցվում էր աշակերտների կողմից պատրաստված սլայդների ցուցադրությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, որոնք էլ ներկաներին տեղեկացրին, որ աշնանը կազմակերպվելու են ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: ՀՀ տարբեր մարզերից ընտրվելու է մեկական դպրոց. Երևանը կներկայացնի ՄԱԿ-ի բարեկամ «Ավետիսյան» դպրոցը:
