Մայիսյան խճանկար՝ հունիսին։

Ինչո՞ւ: Քանզի մայիսը, իսկ հետո նրան անմիջապես հաջորդած հունիսը Ավետիսյան դպրոցի վերջին ուստարվա անքակտելի ամփոփիչ միասնությունն էին, տարեկան աշխատանքների յուրօրինակ հանրագումարն ու արդյունքը, և մեր մայիսյան առօրյայի արձագանքները շարունակվեցին նաև հունիսին:

Իրադարձություններով հարուստ էր մայիս ամիսը:

  • Մեծարեցինք ֆրանսիական «Coq-2022» մրցույթում փայլուն հանդես եկած մեր 27 սաներին:
  • Այնուհետև՝ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի դպրոցների միջև շախմատի մրցույթում հաղթած մեր ընտրանուն:
  • Դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը Արցախում ծառայող զինվորներին հասցրեց մեր սաների նամակներն ու նվերները: «Իմ քա՛ջ զինվոր, դու սպասի՛ր, ես գալիս եմ». առաջինդասարանցի Դավիթի նամակի այս տողը հայտնի դարձավ բոլորին:
  • Ճաշակեցինք մեր սեփական ջերմոցում միջին դպրոցի աշակերտների աճեցրած ելակի առաջին բերքը:
  • Ավետիսյան դպրոցի և ԱՀԱԸ հովանավորությամբ լույս տեսավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Սարգսյանի «Հայոց լեզվի հուշաթերթիկներ» ուղեցույցը:
  • Մանկավարժական կազմը համերաշխորեն լծվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Ավագյանի առաջին գրքույկի լույսընծայմանն ուղղված աշխատանքին:
  • Իր ներկայացումը տվեց դպրոցի թատերական խմբակը՝ բեմադրիչ Հ. Միքայելյանի ղեկավարությամբ:
  • Կրթօջախի հոգեբան Ա. Խաչատուրյանը ավարտին հասցրեց «Ծնողավարման հարթակի» ամենշաբաթյա պարապմունքները՝ երիտասարդ մայրիկներին փոխանցելով երեխայի վարքի ձևավորման և ամրապնդման գաղտնիքները:
  • Քիմիայի ուսուցչուհի Ծ. Մանուկյանը «Անօրգանական նյութերի դասերը» թեմայով միացյալ դաս վարեց մեր և «Էվրիկա» դպրոցի 8-րդ դասարանների համար:
  • Ամսի 25-ին՝ Բանասերի միջազգային օրը, Ավետիսյան դպրոցում սկիզբ դրվեց նոր մրցախաղի, որը նրա հիմնադիրներ Ա. Օհանյանը և Զ. Ամբրոյանը հենց այդպես էլ կոչեցին՝ «Բանասեր»:
  • 66 փոքրիկներ ուրախ հանդեսներով հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին:
  • Հարուստ էր նաև Ավետիսյան դպրոցի հյուրասրահը. մենք հյուրընկալեցինք արձակագիր Մարկ Արենին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, կառավարման դոկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարին, «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Լարա Չոլաքյանին: Ճանաչողական այցով մեր դպրոցում եղան «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և համահայկական ծրագրերի ղեկավար Հայկ Ենգիբարյանը:
  • Մայիսի ամենատպավորիչ իրադարձությունը, սակայն, հայոց պատմության՝ ուստարվա վերջին դասն էր 8-րդ «բ» դասարանում, որը դասղեկ և պատմութան ուսուցչուհի Զարուհի Ավետիսյանն սկսեց Մուսա լեռան հերոսամարտի պատմության թանգարանում և ավարտին հասցրեց Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Մուսա լեռան հերոսական պայքարի տպավորության տակ ավետիսյանցիները հասան Էջմիածին: Այստեղ նրանք ցուցադրեցին արևելահայոց ամենահին բարձրագույն հաստատության՝ Գևորգյան ճեմարանի մասին իրենց գիտելիքները, շրջեցին շենքում, դիտեցին լսարանները, շրջափակը, հյուրընկալ սարկավագների առաջնորդությամբ ծանոթացան ճեմարանի ծրագրերին, կանոնադրությանը, դասավանդվող առարկաներին և հրաժեշտից առաջ դահլիճի բարձր կամարների ներքո ֆլեյտայով, դհոլով ու կիթառով հնչեցրին ազգային մեղեդիներ:

Էջմիածնի Գևորգյան ճեմարանում անցկացրած մեկ օրվա դասը, առանց չափազանցության, ութերորդցիներին ավելին տվեց, քան դասագրքի մի ստվար բաժին: