• Ճանապարհ դեպի մասնագիտություն
  • Չբավարարվել լոկ ակադեմիական ուսումով
  • Դուք պետք է զարգացնեք հայկական շուկան

«Ի՞նչ կասեք այն մարդու մասին, ով եկամտաբեր աշխատանքով հեշտորեն լուծում է իր նյութական խնդիրները, սակայն  զբաղվում է ոչ իր սրտի ուզած գործով»: Այսպիսի հարցադրումներով, աշխույժ երկխոսության ձևով վարեց զրույցը 8-10-րդ դասարանի աշակերտների հետ «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան»-ի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Լարա Չոլաքյանը:

Ավետիսյան դպրոցի սաները նախորդ հանդիպումից արդեն գիտեին, որ կարող են ազատորեն տիկին Չոլաքյանին դիմել իրենց որոնումների, մասնագիտության և ընդհանրապես ապագայի վերաբերյալ հարցերով՝ ի՞նչ և ինչպե՞ս անել՝ հասնելու  երազանքիդ. ինչպե՞ս կառավարել բիզնեսը, ինչպե՞ս լինել մրցունակ, ինչպե՞ս անել սեփական, այսպես կոչված, Start-UP-ը, ինչպե՞ս սովորել հաշվարկել քայլերը, ո՞ր մասնագիտություններն են պահանջված և այլն և այլն:

Ինչպես և սպասվում էր, տիկին Լարան առաջին իսկ րոպեից ստեղծեց բարեկամական անկեղծ մթնոլորտ, որը դպրոցականերին տրամադրեց բացվելու, խոսելու իրենց նվիրական երազանքների և մտահոգությունների մասին, և իր պատասխանները հիմնավորում էր իրական փորձից, կյանքից վերցված, բոլորին հասկանալի, միաժամանակ հետաքրքիր օրինակներով: Ահա՛ դրանցից մի քանիսը.

  • Ընտրած ոլորտը սիրելը հրաշալի է, սակայն պետք է նաև լավ ճանաչես այն, հիմնովին ուսումնասիրես, եթե որոշել ես գործունեություն ծավալել հենց այդ ծիրում:
  • Շատ կարևոր են տվյալների ճիշտ բազա ունենալը, խելամիտ վերլուծությունն ու անվտանգության ապահովումը:
  • Ակադեմիական ուսումը և բուհի դիպլոմը միայն սկիզբն են. զուգահեռաբար պետք է անընդհատ սովորել, ձեռք բերել նորանոր գիտելիքներ, քանզի ժամանակի մեջ կյանքի նորանոր պահանջներին համընթաց՝ փոխվում են նաև առաջնահերթությունները և աշխատաշուկան: Այլ կերպ՝ ոչ մի օր չդադարեցնել ինքնակրթությունն ու ինքնակատարելագործումը:
  • Սովորեք ամենուր, որտեղ կարող եք՝ հայրենիքում, արտերկրում: Սակայն միշտ վերադարձեք հայրենիք և ձեր ընտրած բնագավառում զարգացրեք հայկական շուկան:

Շատ-շատ բան տվեց այս հանդիպումը դեռ ընդամենը 15-16 տարեկան մեր ապագա մոդելավորողին ու հրուշակագործին, մարզիկին ու ֆինանսիստին, ծրագրավորողին, բիզնեսի կառավարչին, սակայն Լարա Չոլաքյանի վերջին խորհուրդը մեր պատանիների համար ավելի քան ոգևորող էր. չէ՞ որ ծնված լինելով արտերկրում, սովորելով արտասահմանյան լավագույն բուհերում, նա «եկել է տուն» և այժմ իր փորձն ու գիտելիքներն ի սպաս է դնում հայրենի երկրի շենացմանը:

Իսկ հրաժեշտից առաջ պայմանավորվեցին հաջորդ հանդիպման մասին. ասելիքը շատ է: