Մի ուրույն աշխարհ է Ավետիսյան ավագ դպրոցը, դեպի հասուն կյանք տանող ուղիների մեծ խաչմերուկ: Ինչպե՞ս շարունակել ընթացքը, ի՞նչ մասնագիտություն ընտրել, ինչպե՞ս չսխալվել, եւ ո՞րն է քո կոչումը կյանքում:

Իր հասունացող սաներին հուզող այս կենսական հարցերի լուծմանը ծնողական հոգածությամբ է վերաբերվում դպրոցի ղեկավարությունը: Նրա նախաձեռնությամբ ուսումնական տարվա ընթացքում դպրոցում հյուրընկալվում են բազմաթիվ հյուրեր՝ փորձագետներ, մասնագետներ, գիտության եւ արվեստի, կյանքի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Այդպիսի տասնյակ հանդիպումներից յուրաքանչյուրը իր հետքն է թողնում, պատանի ավետիսյանցիներին օգնում չսխալվելու ընտրության հարցում:

Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ է, որ մեր շրջանավարտները կյանք են մտնում արդեն հիմնականում հստակորեն կողմնորոշված եւ սրտամոտ մասնագիտություն ընտրած:

Այսօր Ավետիսյան ավագ դպրոցի աշակերտների առջեւ իր դռները եւ «գաղտնիքներն» էր բացել Հայաստանի ամերիկյան համալսարանը, ի դեպ, որի ուսանող են Ավետիսյան դպրոցի տասից ավելի շրջանավարտներ:

ՀԱՀ ընդունելության բաժնի տնօրեն Մեղրի Խոշյանը ավետիսյանցիներին ներկայացրեց համալսարանի ստեղծման պատմությունը, նրա առանձնահատկությունը, հնարավորությունները եւ հեռանկարները, հաղորդեց անչափ հետաքրքիր մանրամասներ բակալավրի կրթական ծրագրերից յուրաքանչյուրի մասին՝ գործարարությունից մինչեւ ճարտարագիտություն, տվյալագիտություն, համակարգչային գիտություն, քաղաքականություն եւ պետական կառավարում…

Բնական էր դահլիճի աշխույժ արձագանքը, որը հաջորդեց Մ. Խոշյանի խոսքին: Պատանիներին հուզում էին ամենատարբեր հարցեր՝ անգլերենի եւ հաղորդակցման բակալավրի կրթական ծրագրից մինչեւ գործարարության բակալավրի ծրագիր:

Օրվա հյուրը սիրով պատասխանեց բոլոր հարցերին: