Շուրջ հազարանոց աշակերտական կազմով դիմավորեց AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը նոր՝ 2025-2026 ուսումնական տարին: Միայն առաջին դասարանցիների թիվը հատեց հարյուրի սահմանը: Եվ սեպտեմբերյան արեւաշող այս առավոտյան դպրոցի գեղատեսիլ բակում դարձյալ միախառնվեցին ժպիտը, ծիծաղն ու պատանեկան եռուզեռը:

Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը, որը, ավանդույթի համաձայն, վարեցին ավագ դպրոցի աշակերտները (եւ, ինչպես միշտ, փայլուն), սկսվեց համադպրոցական տողանով եւ ՀՀ օրհներգով:

Ջերմ եւ սրտաբուխ էր դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի խոսքը՝ ուղղված սիրելի աշակերտությանը, նրանց ծնողներին եւ կրթահամալիրի ամբողջ աշխատակազմին:

Չխախտվեց նաեւ տասնամյակների ավանդույթը՝ երազանքի փուչիկներ եւ երգ, խաղաղության աղավնու ճախրանք, իսկ ավարտին, ինչպես միշտ, սպիտակափառ Արարատի շուքի ներքո բարձրացվեց Ավետիսյան դպրոցի միաձայն ու ներդաշն աղոթքը: Ավետիսյանցիներն աղոթեցին հանուն խաղաղության, հանուն հայրենիքի բարգավաճման ու հարատեւման, հանուն նորանոր ուսումնական հաջողությունների:

Նոր ուստարվա մեկնարկն ազդարարելու պատիվը տրվեց 12-րդ դասարանի աշակերտ Մարատ Սաֆարյանին եւ Արցախի հերոս, ՊԲ փոխնախարար, քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, հանուն հայրենյաց զոհված գնդապետ Հովհաննես Ավագյանի դստերը՝ Էվելինա Ավագյանին:

Եվ հնչեց առաջին զանգը, աճող սերնդի կյանքի իմաստուն ուղեկից եւ աջակից Ավետիսյան դպրոցի հյուրընկալ զանգը: