Տարեմուտի ևս մեկ հանդես Ավետիսյանում
— Երեխանե՛ր, ասացե՛ք, այս ավազակներին ներե՞նք, թե՞ չներենք…
— Ներե՜նք, ներե՜նք…
— Իսկ ի՞նչ սովորեցնենք նրանց հրաժեշտից առաջ…
— Որ տոնածառի լույսերը չի՜ կարելի հանգցնել…
Ահա այսպես՝ դահլիճի հետ աշխույժ երկխոսությամբ, սկսվեց, ընթացավ և իր բարի ավարտին հասավ տարեմուտի ևս մեկ ուրախ հանդես Ավետիսյան դպրոցում: Այն մտահղացել էին բարձր դասարանցիները (X և XI):
Նրանք արեցին ամեն ինչ՝ կրթահամալիրի մանկապարտեզի սաներին, տարրական և միջին դասարանների աշակերտներին տոնական տրամադրություն հաղորդելու համար:
Իրոք, ինչպես և պետք է լինի իսկական ամանորյա հեքիաթում, Ձյունանուշը գտավ կորցրած Ձմեռ պապին, ավազակները վերջ տվեցին իրենց «չար» գործերին, թագավորի պալատում նորից տոն եղավ, իսկ ծափ-ծիծաղով և հուշումներով ներկայացմանը «օգնած» փոքրիկները դահլիճից հեռանալիս դեռ «շարունակում» էին հեքիաթը՝ զվարթաձայն հորինելով Ձմեռ պապի և Ձյունանուշի նոր արկածներ:
Եվ նրանցից ամեն մեկը տուն գնաց՝ վառելու իր տոնածառի լույսերը, նաև իր շուրջը սփռելու այն բերկրանքը, ճշմարիտն ու բարին, որ ստացավ այս գունագեղ ներկայացումից: