Տարին մեկ անգամ մենք խորին երախտագիտությամբ, խոնարհումով ու ոգեշնչմամբ նշում ենք Ուսուցչի տոնը, որը մեր ժողովրդի համար ամենասիրված տոներից մեկն է, մեծարելու ձեզ և ասելու այն բոլոր խոսքերը, որ, իմ կարծիքով, ամեն օր պիտի ասվեն:

Ուսուցչի տոնը ճիշտ այնքան պատմություն ունի, որքան հայոց գրերը, որովհետև Հայոց աշխարհի առաջին ուսուցիչը եղել ու մնում է Մեսրոպ Մաշտոցը, և մենք բոլորս նրա աշակերտներն ենք:

Ու եթե ուսուցչի տոնը հազարամյակների խորքից է գալիս, ուրեմն մենք պարզապես իրավունք չունենք չասելու, որ հայոց պատմության և իրականության մեջ ուսուցիչը նաև զինվոր է եղել՝ հազարամյակներ շարունակ պահպանելով ոչ միայն հայոց գրերը, այլև երկիրը, որը չի ունեցել պետականություն, աշխարհում ամենից շատ մայրաքաղաքներն է ունեցել, որովհետև թշնամին միշտ ավերել է իր տունը, բայց նա կարողացել է միշտ պահպանել իր ոգին ու իմացության ծարավը:

Մեր ժողովուրդը անգամ աղետալի ժամանակներում արժևորել է ուսումը, վառ պահել իմացության լույսերը և իր կրթօջախների լույսը: Հայրենիքի ու մեր ազգային իղձերի նկատմամբ սերն ու վերաբերմունքը, որոնք ծնողական հոգատարությամբ և համբերությամբ դուք սերմանում եք տարիների ընթացքում, իրենց պտուղն են տալիս ապագայում: Վկան այսօրվա գոյամարտը, կենաց ու մահու կռիվը…

Ձե՛ր շնորհիվ, որ գիտելիքի հետ ու գիտելիքից առաջ ձեր սաներին սովորեցրել եք հայրենիքը սիրել, հայրենիքը պաշտպանել ու հայրենիքը կյանքից առաջ ու վեր դասել: Այսօր մեզ հետ են ապրիլյան եւ ներկայիս պատերազմների հերոսների ուսուցիչները և սա հատկապես կարևոր է դարձնում մեր ներկայությունը:

Նրանք նաև ձեր զավակներն են, ու նաև ձեզ պիտի շնորհակալ լինենք, որ կարողանում եք այդպիսի որդիներ պարգևել հայրենիքին:

Իրենց մայրերի ու հարազատների հետ նաև ձեր ցավը պիտի ամոքենք նրանց կորստի համար, որովհետև դուք մանկությունից եղել եք նրանց կողքին՝ կրթության հետ միասին նաև ազգային բովանդակություն ու ազգային ոգի սերմանելով:

Այսպես նաև կերտելով մեր երկրի ապագա քաղաքական գործչին ու որմնադրին, հողագործին ու ճարտարապետին, բանվորին ու ինժեներին, մշակույթի գործչին, հայրենիքի պաշտպան զինվորին և սպային:

Հայաստանի անկախացման և Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո, մեր ժողովուրդն ունեցավ նաև ապրիլյան հաղթանակը, իսկ շատ շուտով,առանց վարանելու, կունենա նաեւ իր հերոսական հաղթանակը այս անարդար պատերազմում: Եվ հպարտորեն կարող ենք ասել, որ հայոց դպրոցը պատվով ու փառքով հանձնեց մեր բազմադարյան պատմության ամենակարևոր քննությունը՝ ազգի նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը:

Սա՛ է մեր դպրոցի և մեր ուսուցչի մեծագույն պատմական հաղթանակը:

Շնորհավորում եմ, մաղթում եմ նախևառաջ խաղաղություն, հետո բեղմնավոր աշխատանք: Թող ձեր կյանքում միշտ հնչի դպրոց կանչող զանգը, և ձեր ու ձեր սաների կյանքի գրատախտակին գրվեն միայն լուսավոր բառեր:

Դե իսկ Գյանջայի օդանավակայանը մեր անպարտ զինվորների կողմից նվեր մեր մասնագիտական տոնին…

Շնորհավոր ձեր տոնը, սիրելիներ, և Տերն ընդ ձեզ…

05.10.2020թ.

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի տնօրեն՝

Մ.գ.թ. Մելանյա Գեղամյան