Կերտենք է՛լ ավելի գեղեցիկ նորը
Ավետիսյան ավագ դպրոցը հյուրընկալեց մի յուրահատուկ հայուհու՝ ամերիկյան հայտնի լրագրող, News Deeply-ի համահիմնադիր, ABC News-ի եւ Bloomberg հեռուստաընկերության թղթակից, Համաշխարհային տնտեսական ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդ» եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի ժամանակավոր անդամ Լառա Սեդրակյանին, ով 2012-ին Marie Claire ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա Թոփ կանանցից» մեկը:
Իր ուսերին ունենալով ամենադժվարին իրավիճակներում անգամ հաջողությամբ աշխատելու փորձ, միջազգային վարկ եւ նվաճումներ, Լառա Սեդրակյանը հաստատակամ որոշում է կայացրել թողնել Նյու Յորքի եւ Հոնկոնգի իր բարեկեցիկ կյանքը եւ վերջնականապես հաստատվել մայր հայրենիքում՝ իր հսկայական ներուժն ու հնարավորությունները ծառայեցնելու Հայաստանի բարգավաճմանն ու հզորացմանը: Այդ նպատակի համար ստեղծված եւ բազմաճյուղ գործող APRI Armenia կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի հիմնադիր նախագահն է, կառույց, որն զբաղվում է առկա խնդիրների վերլուծությամբ եւ դրանց համար լուծումներ գտնելով:
Ի՞նչ դաս քաղեցին մեր սաները Լառայի հետ հանդիպումից. այո՛, մեր ազգը պատմության եւս մեկ դժվարին ժամանակաշրջան է ապրում, բայց մենք միասին հաղթահարելու ենք այն: Ունեցել ենք ձախողումներ պլանավորման, արձագանքելու, առաջնորդելու, պաշտպանելու, վերլուծելու եւ սովորելու հետ կապված հարցերում: Խոր հիասթափության, վախի եւ վշտի պատճառները շատ են, սակայն մենք կարող ենք փոխել իրավիճակը: Մենք կարող ենք ինքնակազմակերպվել եւ առավելագույն ջանքեր գործադրել: Չհանձնվելը մեր՝ հայերիս ԴՆԹ-ի մեջ է: Հակառակ դեպքում մենք վաղուց անհետացած կլինեինք։ Մենք կարող ենք հաղթահարել առկա մարտահրավերները եւ դառնալ ավելի ուժեղ: Դրա համար պետք է օգտագործենք մեր լավագույն հմտություններն ու կարողությունները, մեր լավագույն ստեղծարար ունակությունները՝ մեր ուղղությունը գտնելու համար: Մենք պետք է անդադրում փնտրենք, գտնենք նոր հնարավորություններ, մտածելակերպի նոր մոդելներ, այլապես չենք ունենա առաջաքայլ:
Իսկ մեր նպատակներին հասնելու համար պահանջվում է սեփական մտածողության, զգացմունքների եւ գործողությունների վրա գիտակցաբար ազդելու հմտություն: Դա կոչվում է ինքնաառաջնորդություն, ուրեմն՝ առաջնորդե՛ք ինքներդ ձեզ, երբեք թեւաթափ չլինեք եւ չհուսահատվեք: Խելամտորեն օգտագործեք ձեր ժամանակը եւ էներգիան: Փորձեք հնարավորինս առողջ սնվել եւ մարզվել, սա թույլ կտա ավելի շատ էներգիա ունենալ եւ ձեր ձեռնարկների ճանապարհին ավելի ճկուն լինել: Եվ մի՛ մոռացեք խորհուրդ հարցնելու մասին: Լավատես եղեք, Աստված մեզ հետ է:
«Մենք պետք է հավաքենք մեր ազգի բեկորները եւ դրանք նորից իրար միացնենք, ինչպես կինցուգիի՝ ճապոնական «ոսկե կարկատանի» արվեստի պրակտիկայում է, ասաց Լառա Սեդրակյանը.- կինցուգին կոտրված խեցեղենի կտորները ոսկուց բաղկացած շիճուկով միացնելն է, որի վերջնական արդյունքն ավելի գեղեցիկ է ստացվում, երբ այդ կտորները նորից միանում են: Եվ դուք միշտ հիշում եք, թե որտեղ էին ճաքերը, եւ ինչ պահանջվեց՝ այն նորից հավաքելու համար»: Դա մեզ՝ հայերիս էլ է վերաբերում, որ կերտենք է՛լ ավելի գեղեցիկ նորը՝ չմոռանալով թե ինչ բեկորներից ստացանք այն»: