Հարգելի՛ բարեկամ,

Այս տարվա մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից ստացել էր՝ Մոսկվայում գործող «Զարգացման եւ կրթության նորարարական կենտրոն» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության կողմից «Պատմե՛ք աշխարհին ձեր հայրենիքի մասին» խորագրով միջազգային մրցույթի անցկացման վերաբերյալ գրություն՝ մասնակցելու տվյալ մրցույթին:

Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթօջախը բազմաթիվ այլ դպրոցների հետ միասին նույնպես մասնակցեց տվյալ մրցույթին: Եվ ահա, օրեր առաջ, Մոսկվայից ստացանք ուրախ եւ սպասված լուրը: Մեր դպրոցի աշակերտ Մարիամ Աթանեսյանը պարգեւատրվել է մրցույթի մասնակցի վկայականով, որում նշված է.

«Շնորհակալություն ենք հայտնում Հայրենիքի պայծառ ու ճշմարիտ կերպարը ստեղծելու եւ այն լավագույնս ներկայացնելու ստեղծագործական աշխատանքի համար: Ձեր աշխատանքը կդառնա բարեկամության եւ բարգավաճման խորհրդանիշ»:

Իսկ Մարիամին մրցույթին պատրաստող պատմության ուսուցչուհի Ալինա Սալնազարյանը արժանացել է շնորհավորական նամակի որում, մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Ալինա Սալնազարյան, ընդունեք «Պատմիր աշխարհին քո Հայրենիքի մասին» միջազգային մրցույթի կազմակերպիչների անկեղծ շնորհակալությունը: Ձեր աշխատանքը արժանի է մեծ գնահատանքի: Ձեր միջոցով է, որ երեխաները սովորում են իրենց Հայրենիքի մասին, ոգեշնչվում են, հպարտությամբ խոսում եւ պատմում իրենց Հայրենիքի մասին: Առանց Ձեզ եւ առանց Ձեր աջակցության անհնարին կլիներ անցկացնելու այս մրցույթը… Դուք աշակերտների համար մեծ խորհրդատու եք, օգնական եւ դաստիարակ: Միասին մենք կարող ենք հասնել նոր բարձունքների եւ դաստիարակել մեր երկրներին արժանի քաղաքացիներ: Եվ հենց սրանումն է մեր ընդհանուր ուժը»:

Շնորհավորում ենք ուսուցչուհի Ալինա Սալնազարյանին եւ Մարիամ Աթանեսյանին նման հաջողության համար:

Մելանյա Գեղամյան
Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցի տնօրեն