Գիրք, որի յուրաքանչյուր բառում ալիքվում են հեղինակի սրտի բաբախյունը, ընդվզումը, ցավը, հույսը, որի վերջին էջի վերջին տողով քո աչքերի առջեւ ամբողջանում է սիրող դստեր ներբողն իր հայրենիքին:

Այսպիսին է Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի «Սեր իմ Արցախ» ժողովածուն: Եվ, բնականաբար, նվիրումի եւ հայրենապաշտության հույզերով, ինչպես նաեւ անակնկալներով հագեցած էր նաեւ գրքի շնորհանդեսը: Հուզիչ անակնկալ էր, երբ ուսուցիչներն ու բարձրդասարանցիները հենց դահլիճից, իրար հաջորդելով, արտասանեցին հատվածներ նրա բանաստեղծություններից:

Հանդիսավար Լիլիթ Բախշյանն ամփոփ, բայց տպավորիչ խոսքով ներկայացրեց Մելանյա Գեղամյան քաղաքացուն, մանկավարժին, տնօրենին, բանաստեղծին, քրիստոնյային: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը հրապարակեց Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի՝ հատուկ «Սեր իմ Արցախ»-ի համար գրած առաջաբանը, ինչպես նաեւ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն, վերապատվելի դոկտոր Վահան Թութիկյանի շնորհավորական «Երկու խոսք»-ը:

Հեղինակին ի սրտե շնորհավորեցին ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանը, AMAA-ի Հայաստանի նախկին ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, գրքի խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Զարմիկ Սարգսյանը:

Եվս մեկ անակնկալ էր, երբ հեղինակը, ի լուր եւ ի տես ամբողջ դահլիճի, ստիպված էր պատասխանել էկրանին հայտնված ինքնատիպ հարցարանի հարցերին, որոնք հանդիսավար Լ. Բախշյանն ընտրել էր հատուկ օրվա հերոսուհու համար: Հարցման արդյունքն այսպիսին էր. Մելանյա Գեղամյանին, նրա անկոտրում հայրենասիրությունը, մարդկային հատկանիշներն ու բնատուր ձիրքը չճանաչելն անհնար է:

«Սեր իմ Արցախ»-ը տիկին Գեղամյանի երկրորդ գիրքն է, որը ծնվեց մեր վերջին գոյամարտի ցավ ու տառապանքից, մեր հերոսների շիրիմների խնկարկումից, արյունով սրբագործված հող հայրենիի պաշտամունքով, կորուսյալ հայրենիքի ետդարձի աներեր հավատով: Սրանից շատ քիչ առաջ Մ. Գեղամյանն ընթերցողի սեղանին էր դրել իր «Տեսիլք եւ իրականություն» գիրքը՝ նվիրված ազգային բարերար, AMAA-ի նախկին գործադիր տնօրեն, երջանկահիշատակ վերապատվելի դոկտոր Մովսես Ջանբազյանին, ում քառորդդարյա հայրենաշունչ տեսիլքը կրթօջախի տեսքով իրականությունը դարձավ մայր հայրենիքում. դա Ավետիսյան դպրոցն էր, որը ղեկավարում է տիկին Մ. Գեղամյանը, եւ որի ընդարձակ դահլիճում տեղի ունեցավ նաեւ բարերարի մասին պատմող գրքի շնորհանդեսը:

Ե՛վ իր «առաջնեկի»՝ «Տեսիլք եւ իրականություն»-ի, ե՛ւ բանաստեղծությունների ժողովածուի մասին խոսելիս հեղինակն անսահման անկեղծ էր, եւ նրա հուզմունքն ալիքվելով՝ տարածվեց դահլիճով մեկ: