Ամենամեծ պարգեւը

Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասА» նախագիծը նպատակ ունի դպրոցական տարիքից հետաքրքրություն, ըմբռնում, համակրանք, նաեւ երաժշտական ճաշակ ձեւավորելու դասական երաժշտության հանդեպ։ Եվ Ավետիսյան դպրոցում դա աներկբա հաջողվել է: Ահա թե ինչու կրթահամալիրի բեմ դուրս եկած դասվար-երաժիշտների ողջույնի խոսքն ամեն անգամ խլանում է դահլիճի ծափողջույնների մեջ:

«Սիմֆոնիկ ԴասA»-ի թիմի արդեն հինգերորդ այցն է կրթահամալիր: Վերջին հանդիպման ընթացքում պատանի ավետիսյանցիները բացահայտել էին իմպրեսիոնիզմի արվեստը ինչպես գեղանկարչության, այնպես էլ երաժշտության մեջ,մոտիկից ծանոթացել լարային գործիքների ընտանիքին:

Խնդալից եւ «աշխատանքային» ջերմությամբ տոգորված էր նաեւ այս դաս-հանդիպումը.

ինտերակտիվ խաղի շրջանակում, որի թեման երաժշտության կերպավորումն էր, նրա գունային եւ նկարային պատկերացումը, այսպես կոչված « գունավոր լսողությունը», աշակերտները նաեւ ծանոթացան հարվածային գործիքներին, վալս պարեցին, փորձեցին գուշակել հայտնի ստեղծագործությունների անվանումն ու հեղինակին:

Ակտիվ աշակերտները, ինչպես միշտ, ստացան «Սիմֆոնիկ ԴասA»-ի նվերները:

Ամենամեծ պարգեւը, սակայն, միշտ վերջում է լինում. դա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ դասական հանրահայտ ստեղծագործություն է, որ դահլիճից իր հետ տանում է ներկաներից ամեն մեկը:

Նախորդ հանդիպման ավարտին` Ռավելի «Բոլերոն», այսօր՝ Շոստակովիչ, , Բեթհովեն եւ… Արամ Խաչատրյանի «Վալսը»՝ գրված Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար: