Սիրելի ավետիսյանցինե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:

Համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որի անհրաժեշտությունը կունենաք ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ: Մեր օրերի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր նման պայծառ երիտասարդների համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:

Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է: «Վերջին զանգն» իր մեջ հրաշալի խորհուրդ է ներառում: Այն դպրոցական անհոգ մանկության ավարտի և մեծ կյանք մտնելու խորհրդանիշն է: Այսօր դուք գտնվում եք դպրոց-կյանք ճամփաբաժանին: «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ` լի փորձություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով: Ցանկանում եմ, որ երիտասարդի անփորձությունը երբեք խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և բազում հաղթանակների հասնելու ձեր ճանապարհին:

Հիշե՛ք` դուք եք մեր երկրի ապագան, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար:

Հարգելի՛ մանկավարժներ, բաժանումը երկուստեք դժվար է: Հասկանալի է նաև ձեր հուզմունքը: Սակայն զգացվում է նաև այն հպարտությունն ու վստահությունը, որով դուք ճանապարհում եք ձեր աշակերտներին փորձություններով լի կյանք: Վստահ եմ, որ ձեր տված գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտները կկարողանան ճիշտ կողմնորոշվել կյանքի հորձանուտներում:

Բարի երթ ու կանաչ ճանապարհ, իմ սիրելի՛ շրջանավարտներ:

Միշտ ձեր կողքին՝ Մելանյա Գեղամյան