TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:
Հայաստանում առաջին անգամ TEDx միջոցառումը ացկացվեց մարտի 7-ին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնում»: Այն ուներ «Տարածություն և ժամանակ» խորագիրը:
TEDxSalon@Yerevan հայաստանյան առաջին միջոցառումը հիմնականում վերաբերում էր բնապահպանական խնդիրներին: Այն կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և նպատակ ուներ շեշտադրելու շրջակա միջավայրի պահպանման խնդիրները՝ խթանելով ակտիվ քննարկումներ տեղական համայնքի գործիչների շրջանում:
ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան ողջունեց ներկաներին և ներկայացրեց TEDxSalon@Yerevan-ի զեկուցողներին: Զեկուցումներով հանդես եկան Դիանա Հարությունյանը՝ կլիմայի փոփոխության հետ առնչվող ծրագրերի համակարգողը, Կարեն Աղաբաբյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն, Վարդան Ուռությանը՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն և Տեխասի A&M համալսարանի դոցենտ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ելույթների ավարտից հետո ներկաները վայելեցին MIHR թատրոնի նոր ներկայացումներից մեկը:
«Ավետիսյան» դպրոցի սաները ևս անմասն չէին միջոցառմանը: 6-րդ և 10-րդ դասարանցիները հայաստանաբնակ և արտերկրից ժամանած հյուրերի հետ շրջեցին մեր դպրոցով՝ նրանց ներկայացնելով մեր դպրոցի պատմությունն ու առօրյան:
