2004: Ուրուգվայի խորհրդարանը (արտաքին պալատը) ընդունեց 2000-ին Սենատում հավանության արժանացած այն օրինագիծը, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը պաշտոնապես համարվում է «1915 թվականին սպանված հայ նահատակների հիշատակության օր»: Օրինագիծը նշում է նաև, որ այդ օրը «Պետական լրատվամիջոցները պետք է լուսաբանեն այդ դեպքերը»: Թեև օրինագծում նշված չէ «Ցեղասպանություն» բառը, սակայն խորհրդարանում բոլոր ելույթ ունեցողները չեն խուսափել կատարվածը ցեղասպանություն որակելուց: Ի դեպ, Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:
1921: Բացվեց Թիֆլիսի Հայպետդրամատիկական թատրոնը: Հիմնադիրներն էին Արամ Վրույրը, Զաբելը, Օլգա Մայսուրյանը, Պահարեն:
1924: Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
___
1860: Ախալցխայում ծնվել է անվանի նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան, 19-րդ դարասկզբի ռուսական թատրոնի նշանավոր բեմանկարիչներից Վարդգես Սուրենյանցը՝ գեղանկարչության հայկական պատմական ժանրի հիմնադիրը, նաև արևելահայ կերպարվեստում առաջին բեմանկարիչը: Մեծ դեր ունի հայկական գրաֆիկայի, գրքի նկարազարդման ասպարեզում: Տիրապետել է 10 օտար լեզուների և բնագրից կատարել թարգմանություններ: Հանդես է եկել գեղարվեստի մասին հոդվածաշարերով: Մահացել է 1921-ին, Յալթայում: Թաղված է տեղի հայկական եկեղեցու բակում:
1880: Շուշիում ծնվել է Հայաստանում հակատուբերկուլյոզային ծառայության կազմակերպիչ, բժշկ. գիտ.ի դ-ր Գրիգոր Սաղյանը: 1918-ից նախաձեռնել է հայ որբերի բուժօգնության գործը: Եղել է Հայաստանի որբանոցային գործերի գլխավոր լիազոր:Նրա նախաձեռնությամբ 1921-ին Դիլիջանում կազմակերպվել է առաջին մանկական տուբերկուլյոզային առողջարանը, 5 տարի անց՝ հակատուբերկուլյոզային դիսպանսերը:Եղել է Աղասի Խանջյանի անձնական բժիշկը և չի ստորագրել նրա այսպես կոչված «ինքնասպանության» մասին եզրակացությունը: Անհիմն բռնադատվել է, 1937-ին գնդակահարվել, 1955-ին արդարացվել:
1832: Զմյուռնիայում ծնվել է խմբագիր-հրատարակիչ, թարգմանիչ Տիգրան Հարություն Տետեյանը: Տիրապետել է մի քանի լեզվի: Նրա հիմնած «Տպարան Տետեյան եղբարց» դրոշմատիպով տպարանը գործել է շուրջ 40 տարի: Այստեղ տպագրվել է 208 անուն գիրք, նաև հայատառ թուրքերենով Նարեկը: Ապրել է 36 տարի:
1833: Նախիջևանի գավառի Փորադաշտ գյուղում ծնվել է բանասեր-պատմաբան, եկեղեցական գործիչ Մեսրոպ Սմբատյանցը: 1865-ին շրջել է Ատրպատականի հայաբնակ գյուղերում և գրի առել դրանց իրավիճակը: Նախիջևանի թեմի փոխանորդ եղած ժամանակ կազմել է այդ գավառի 88 հայաբնակ գյուղերի ցուցակը: Վարել է Ամենայն Հայոց կաթողիկոսության տեղապահի պաշտոնը: Հայաստանի տարբեր վայրերից հավաքել է ուրարտական մի քանի տասնյակ արձանագրություն, նմանահանել և հրապարակել մամուլում: Մահացել է 1911-ին Երուսաղեմում:
1917: Բաքվում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը: Ղեկավարել է Հայաստանի ազգային ռադիոյի ժողգործիքների անսամբլը, կատարել է ժողովրդական երգերի մշակումներ: Մեծ է նրա ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում: Մահացել է 1973-ին, Երևանում:
1935: Լենինականում (այժմ՝ Գյումրի) ծնվել է արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան Աննա Պետրոսյանը: 1966-85 թվականներին խաղացել է Երևանի դրամատիկական թատրոնում: 1985- 92 թվականներին առասպելի դպրաթատրոնում բեմադրել է իր հեղինակած պիեսները, որոնցից «Զվարթնոց» պիեսը՝ բացօթյա՝ պատմական Զվարթնոցի տարածքում, 1999-ին իր հիմնադրած «Հիշողության բեմ» թատրոնում՝ «Բանտախուց 7106» պիեսը, որի հիման վրա նկարահանվել է կինոնկար:
1936: Թավրիզում ծնվել է հրապարակագիր և թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը: Եղել է Հայաստանի պետհեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: Անատոլի Ռիբակովի «Արբատի զավակները» վեպի թարգմանության համար 1988-ին արժանացել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակի: Նաև գրողների միության “Կանթեղ » և ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակակիր է, ՌԴ «Բարեկամություն» շքանշանակիր: