Այս օրն սկսվում է հայոց հին տոմարի Մեհեկան ամիսը: Տևում է մինչև մարտի 8-ը:
1992: Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչությունը մեր նորանկախ հանրապետությունում:
___
1673: Այս օրը քաղաքական գործիչ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության ղեկավար, ապա պարսկական շահի դեսպանորդ Գրիգոր Լուսիկենցը ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչի հետ վերակնքել է պարսկական ապրանքները Նովգորոդի և Արխանգելսկի վրայով Եվրոպա արտահանելու վերաբերյալ պայմանագիրը:
1676: Սեբաստիայում ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հաս., գիտ., մշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին (մկրտության անվամբ՝ Մանուկ): 1700-ին Պոլսում իր շուրջն է համախմբել մոտ 15 աշակերտ և թաքուն կաթոլիկություն քարոզել նրանց: Մեկ տարի անց հիմնել է միաբանություն, որը Սեբաստացու մահից հետո կոչվել է նրա անունով: Մխիթար Սեբաստացին աշխարհաբար հայերեն առաջին քերականության հեղինակն է՝ գերմանացի հայագետ Յոհան Շրյոդերից հետո: Ընդ որում, թուրքախոս հայերին հասկանալի լինելու համար նա գրքի առաջին մասը գրել է թուրքերեն: Նրա հայագիտական խոշորագույն ներդրումը «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր աշխատությունն է: Մյուս ակնառու գործը «Տաղարանն» է, որի ոտանավորները, իր իսկ երաժշտությամբ, որպես շարական երգվում են առայսօր: Վախճանվել է 73 տարեկան հասակում Վենետիկում: Թաղված է Սուրբ Ղազար կղզում:
1892: Սասուն-Գելիեգուզանում ծնվել է նվիրյալ ազգագրագետ և պատմաբան, Հայաստանի վաստ. ուսուցիչ Վարդան Պետոյանը: Զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ սովորել է Մշո Սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց գիշերօթիկ դպրոցում, ուսումը շարունակել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, աշակերտել Կոմիտասին, Զոհրապին, Սևակին, Զարդարյանին, տիրապետել բազմաթիվ լեզուների: Մեծ եղեռնի ժամանակ հսկայական գերդաստանից հրաշքով ողջ է մնացել միայն Պոլսում ուսանող 23-ամյա Վարդանը: Մերժելով Սորբոնի համալսարանում սովորելու հրավերը՝ 1922-ին ներգաղթողների առաջին քարավանով եկել է Խորհրդային Հայաստան: Իր իսկ կամքով մեկնում է եղեռնից մազապուրծ հայերով բնակեցված լեռնային գյուղերը, հիմնում դպրոցներ և լծվում հայրենաշինության գործին: Աղասի Խանջյանի հրավերով 1931-ին հրավիրվում է Երևան և աշխատում աշխարհում առաջին Անդրկովկասի Քրդական մանկավարժական տեխնիկումի ուսմասվար, ապա՝ տնօրեն: Նա կազմում է քրդերեն տերմինաբանական և հայ-քրդերեն բառարաններ, աշխարհում առաջին անգամ կազմում և թարգմանում է ֆիզիկայի, քիմիայի քրդերեն դասագրքեր (լատինատառ), որոնք ուղարկվում են նաև Միջագետք-Սիրիա: Կազմում է դասագրքեր նաև խուլուհամր երեխաների համար: Վարդան Պետոյանի թողած ամենակարևոր ժառանգությունը «Սասունն անցյալում և Սասունի ազատագրական շարժումները» աշխատությունն է՝ գրված գիտական մանրակրկիտ ճշգրտությամբ, որը, թեև դեռևս 1960-ական թվականներին էր արժանացել խորհրդահայ պատմաբանների հիացմունքին, սակայն լույս է տեսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Միակ և եզակի և վավերագրական աղբյուրի արժեք ունեն նաև Վ. Պետոյանի «Սասունի և Տարոնի պատմաաշխարհագրական տեղագրությունը» և նրա կազմած Սասուն-Տարսոնի քարտեզը: Ի դեպ, դեռևս 1947-ին պատրաստ, սակայն խորհրդային գրաքննության կողմից արգելված այս գործը ևս լույս է տեսել մեր օրերում՝ 2005-ին: Մահացել է Երևանում 196-ին: Քչերին է հայտնի, որ մեր օրերում տարածված և սիրված «Հայրո» անզուգական երգը գրառել է Վ. Պետոյանն իր «Սասունի ազգագրությունը» ժողովածուում:
1895: Շուշիում ծնվել է ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, Բեռլինի ԳԱ թղթակից անդամ, նյարդաֆիզիոլոգ, նյարդամորֆոլոգ Սիմեոն Սարկիսովը: Հիմնադրել և 30 տարի գլխավորել է Մոսկվայի Ուղեղի ԳՀԻ-ն: Մահացել է 1971-ին Մոսկվայում:
1899: Ալեքսանդրապոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից: Մինչև 1902 թ. Հայկական երկաթուղու այս հնագույն և խոշոր հանգույցից երկաթուղին հասավ Կարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուլֆա և Թավրիզ:
1919: Իջևանում ծնվել է Հայաստանի գիտ. վաստ. գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Նյու Յորքի ակադեմիայի անդամ, երկրաբանահանքաբանական գիտ. դ-ր պրոֆ. Աշոտ Ասլանյանը: Եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկ¬որ, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն, բարձրագույն և միջնակարգ կրթության նախարար, մոլորակաբանության միջազգային ընկերակցության փոխնախագահ:
1922: Մոսկվայում ծնվել է Հայաստանի վաստ. արտիստ, հայ կրկեսի դերասանուհի Ելենա Ավանեսովան: Սովորել է Մոսկվայի կրկեսային արվեստի համամիութենական դպրոցում: Մասնակցել է առանձնակի բարդությամբ հագեցած «Մոտոմրցում» և «Խիզախության գունդ» ատրակցիոններին: 1956-73 թթ. Աշխատել է հայկական կրկեսում: Հայտնի է եղել վարժեցրած արծվի հետ Ավանեսովայի օդային համարը:
1955: Հալեպում ծնվել է քաղ., պետ. գործիչ, դիվանագետ, 1998-ից ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Բոստոնի Թավթսի համալսարանը, Հարվարդի համալսարանի Կառավարման դպրոցը և Ֆլետչերի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության դպրոցը: 1990-92 թթ. խմբագրել է Գլենդեյլում հրատարակվող «Հայկական միջազգային ամսագիր» անգլերեն պարբերականը: