Գարնան առաջին օրը

Այսօր քաղպաշտպանության համաշխարհային օրն է:

1823 թ. մարտին Էրզրումում կնքվեց թուրք-պարսկական հաշտության պայմանագիր, որով 2 տարի առաջ Պարսկաստանի գրաված Բայազետը վերադարձվեց Թուրքիային:

1857: Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև որբ ու անտերունչ երեխաները:

1915: Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Առաջին աշխարհամարտի պատճառով Արևմտյան Հայաստանից տեղահանված գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների ջանքերի համախմբումը:

___

1891: Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, Խորհրդային Հայաստանի օրհներգի տեքստի հեղինակ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Մահացել է 1984-ին:

1926: Արաբկիր գավառակի Վանք գյուղում ծնվել է գրական-հաս. գործիչ Թորգոմ (Արամ) Փոստաճյանը: Եղել է Լոս Անջելեսի հայ գրողների միության ատենապետ, տեղի Մեսրոպյան ազգային վարժարանի հիմնադիր տնօրեն: Նախքան գրական գործունեությունը ձեռնադրվել է աբեղա, մինչև 1949-ը եղել է կաթողիկոս Գարեգին Առաջին Հովսեփյանի գավազանակիրը, Բոստոնի շրջանի Ուոթըրթաունի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:

1867: Թիֆլիսում ծնվել է հայ նշանավոր արձակագիր Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): Մեր ռեալիստական արձակի լավագույն նմուշներից է նրա «Մեր թաղը» պատմվածաշարը: Ապրել է 66 տարի, թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում:

1878: Վանում ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, լրագրող, հրապարակագիր, ՌԱԿ հիմնադիրներից Արտակ Դարբինյանը: Մասնակցել է 1915-ի Վանի հերոսական պաշտպանությանը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է նահանգային վարչության ընդհանուր քարտուղար: 1922-ին որպես ռամկավար և դաշնակցություն կուսակցությունների պատվիրակ եկել է Անդրկովկաս, Թիֆլիսում հանդիպել Ալ. Մյասնիկյանի, իսկ Երևանում՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ 5-րդ կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն մերժվել է: Հրատարակել է «Հայ ազատագրական շարժման օրերեն» աշխատությունը: Մահացել է Փարիզում 1950-ին:

1889: Երևանում ծնվել է Ուզբեկստանի ժող. նկարիչ, Հովհաննես Թադևոսյանը: Սամարղանդի գեղարվեստի դպրոցի և Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադիրներից է: Գործերը պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի և Ուզբեկստանի արվեստի պետական թանգարաններում, ՀԱՊում: Մահացել է 1974-ին Մոսկվայում:

1927: ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում ծնվել է հայազգի աշխարհահռչակ օպերային երգչուհի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» աստղ Լուսին Ամարան (Արմաղանյան): Երգել է աշխարհի տարբեր բեմերում: 1965-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում կատարել է Աիդայի դերերգը Վերդիի համանուն օպերայում, հանդես եկել մենահամերգով:

1934: Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը: Ծնվել է 1864-ին Շապին Գարահիսարում:

___

2003: Այս օրը ԱՄՆում ընդունվեց օրինագիծ ընդդեմ կլոնավորման:

1954: ԱՄՆ-ը Բիկինի աթոլում իրականացրեց ջրածնային ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվեցին ճապոնական նավերից մեկի 23 ձկնորս: Այսօր Ճապոնիայում խաղաղության համար պայքարի՝ «Բիկինիի» օրն է: