ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ, ֆիզիկոս եւ մաթեմատիկոս Արեգ Միքայելյանը Ավետիսյան դպրոց էր այցելել կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի հրավերով:
Որ աստղագիտության մասին դասախոսությունը կարող է այդպես գերող լինել, բարձրդասարանցիներից շատերը չէին էլ պատկերացնում: Նրանք աստղագետ հյուրին լսում էին հմայված, անհագ հետաքրքրությամբ. միջազգային աստղագիտական միության, միջազգային բազմաթիվ այլ ընկերությունների անդամ գիտնականը պարզ եւ դեռահասներին մատչելի լեզվով էր մանրամասներ պատմում մեր գալակտիկայի տարիքից մինչեւ նեյտրոններ եւ նոր աստղերի հայտնաբերում, աստղագիտության համաշխարհային զարգացումներից մինչեւ Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները…
Դահլիճից հնչած հարցերից պարզ դարձավ, որ աստղագիտությունը շատ հետաքրքիր առարկա է, եւ քիչ չեղան այս գիտության մեջ խորանալ ցանկացողները:
Հրաժեշտից առաջ Ա. Միքայելյանը ավետիսյանցիներին հրավիրեց Բյուրականի աստղադիտարան: Հրավերն ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Եվ ի նշան շնորհակալության այս հրաշալի դասախոսության համար՝ տիկին Մ. Գեղամյանը թանկագին հյուրին նվիրեց Ավետիսյան դպրոցի մասին պատմող գիրք-ալբոմը: