Գունագեղ ու ճոխ սեղաններ՝ սփռված ընդարձակ բակով մեկ, իսկական թոնիր ու սաջ, ամեն կողմից՝ ախորժելի համ ու հոտ, դհոլ, զուռնա, ազգային երգ ու պարեր՝ սիրտ թունդ հանող, ուրախություն, խինդ ու ծիծաղ, լարախաղաց. այսպես նշվեց հայոց շռայլ ու բարեբեր հողի բերքի տոնը AMAA-ի Ավետիսյան դպրոցում:
Ազգային տարազներով պատանիներն ու աղջիկները «համեցե՜ք» էին կանչում աջից ու ձախից, առատորեն հյուրասիրում իրենց սեղաններին մոտեցողներին: Տոնին հարազատություն եւ միասնություն էին ավելացնում հյուրերին կանչող հայոց քաղցրիկ բարբառները՝ Լոռվա, Գյումրիի, Գեղարքունիքի, Արցախի…
Որպեսզի տոնը շքեղ ու պայծառ լինի, ջանք չէին խնայել թե՛ դպրոցի ղեկավարությունն ու ուսուցիչները (հատկապես դասղեկները), թե՛ ծնողներն ու աշակերտները:
Եվ իսկապես, ստացվել էր հայկական բարիքի կենդանի հանրագիտարան. Գեղարքունիքի իշխաննն ու Արագածոտնի քռչիկը, Լոռվա ղափաման, Գյումրիի ավանդական «քյալլան» ու տժվժիկը, Սյունիքի քալագոշն ու փոխինդով խաշիլը, հենց տեղում՝ սաջի վրա թխվող արցախյան «ժենգյալով հացն» ու դարձյալ տեղում՝ տաք թոնրից հանվող Ապարանի խորոված կարտոֆիլը, թանապուրը, ավելուկը, խաշը, շարոցը…
Արարատ սարի պատկերը կերտած պատանիները ներկայացնում էին Արարատի խաղողը՝ ողկույզներով պարով, գինին ու թփով տոլման, իսկ մայրաքաղաքի հարուստ շուկաները «պատճենած» փոքրիկներն իրենց ճոխ ցուցադրությունը զարդարել էին երեւանյան տասնյակ տեսարանների նկարներով ու Երեւանին նվիրված երգով:
Պանրխաշ, փախլավա, մեղր, գաթաների եւ չրերի տեսականի ու մրգեր, արեւահամ մրգեր… Այս ամենը պատկերացնողը ռուս մեծ բանաստեղծի խոսքերով կասի՝ И я там был, и мёд я пил…
Տոնի ամբողջ ընթացքում անպակաս էին երգն ու պարը՝ «Ամպի տակից», «Նախշուն բաջի», «Թամզարա», «Յարխուշտա», «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»…
