763.250 դրամ՝ հարազատ դպրոցին

Այսքան կազմեց տարեմուտի ավանդական տոնավաճառի հասույթը Ավետիսյան դպրոցում:

Նախաամանորի տոնախմբություն՝ միախառնված պատանեկան խանդավառությանն, աշխույժին ու անեզր զվարճանքին: Տարրական դպրոցից մինչեւ ավարտական դասարաններ ասես մրցում էին, թե ո՛վ աչքի կընկնի նոր գաղափարով կամ մտահղացմամբ: XI «բ» դասարանն, օրինակ (դասղեկ՝ Արմեն Հովսեփյան), նախ բաժանեց իր սեղանի մոտ կանչող հրավիրատոմսեր, այնուհետեւ մոտեցած «գնորդը» պտուտախաղով նվեր կամ զեղչ էր ստանում կամ էլ իր դեմքով ամբողջացնել օդային բարի ոգու նկարը՝ դառնում օրվա էլֆը: Եվ այսպես՝ ամեն կողմում. բոլոր «վաճառասեղանների» մոտ փորձում էին մատուցել մի հաճելի անակնկալ:

Ամբողջ գումարը, որն իրենց ձեռքի աշխատանքների շնորհիվ եւ ծնողների օգնությամբ վաստակեցին ավետիսյանցիները, նվիրաբերվեց հարազատ դպրոցին, նրա բազմազան ու բազմաթիվ ծրագրերի իրականացմանը: